Գիտնականները փորձարկել են քնի ոբստրուկտիվ ապնոէի՝ քնած ժամանակ շնչառության պարբերական ընդհատումներով ուղեկցվող վտանգավոր խանգարման դեմ նախատեսված նոր դեղահաբը։ Կլինիկական փորձարկումների երրորդ փուլում դեղամիջոցը շնչառության կանգի դեպքերը կրճատել է մոտ 44%-ով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Respiratory and Critical Care Medicine (AJRCCM) ամսագրում։
Այս ախտաբանության դեպքում քնի ընթացքում ըմպանի մկանների թուլացման պատճառով շնչուղիները փակվում են։ Արդյունքում մարդը գիշերվա ընթացքում տասնյակ անգամներ դադարում է շնչել, ինչը հանգեցնում է քնի անկանոնության, զարկերակային հիպերտոնիայի, ինֆարկտի և այլ բարդությունների առաջացման ռիսկի։ Բուժման հիմնական միջոցը հատուկ դիմակի միջոցով օդի անընդհատ հոսք ապահովող CPAP ապարատն է, սակայն պացիենտներից շատերը դժվարությամբ են տանում այն և հաճախ հրաժարվում են թերապիայից։
Փիթսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետ Փաթրիկ Ստրոլոյի ղեկավարած հետազոտական խումբը փորձարկել է AD109 դեղամիջոցը, որն ընդունվում է օրական մեկ անգամ՝ դեղահաբի տեսքով։ ԱՄՆ-ի և Կանադայի 69 բժշկական կենտրոններում անցկացված փորձարկմանը մասնակցել է 646 չափահաս։ Դեղամիջոցը պարունակում է երկու ակտիվ նյութ՝ արոքսիբուտինին և ատոմոքսետին, որոնք բարձրացնում են ըմպանի մկանների տոնուսը՝ կանխելով շնչուղիների փակումը։
Փորձարկման արդյունքներով՝ ապնոէի ինդեքսը (մեկ ժամում շնչառության կանգերի հաճախականությունը) նվազել է միջինում 44%-ով, մինչդեռ պլացեբոյի խմբում այդ ցուցանիշը կազմել է 18%։ Հիվանդների ավելի քան 40%-ի մոտ ախտանշանները թեթևացել են, իսկ 18%-ի մոտ հիվանդության ընթացքն առնվել է լիարժեք վերահսկողության տակ։
Նոր դեղամիջոցը նախատեսված է առաջին հերթին այն պացիենտների համար, ովքեր չեն կարողանում օգտվել այդ ապարատից՝ լրացնելով բուժման կարևոր բացը։ Այդուհանդերձ, հեղինակները ընդգծում են, որ դեղահաբը համապիտանի չէ բոլորի համար և պահանջում է բժշկական հսկողություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում