Պասիվ ծխելը 2023 թվականին աշխարհում շուրջ 1,66 միլիոն վաղաժամ մահվան պատճառ է դարձել: Ծխախոտի ծխի ազդեցությանն են ենթարկվել մոտ 2,7 միլիարդ մարդ, ներառյալ՝ 767 միլիոն երեխա: Նման գնահատականներ են տրված The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:
Գիտնականները վերլուծել են 2010-2025 թվականներին հրապարակված հետազոտությունների տվյալները և գնահատել պասիվ ծխելու ազդեցությունը բնակչության առողջության վրա 204 երկրներում և տարածքներում 1990-2023 թվականը: Հեղինակներն ընդգծում են, որ ծխախոտի ծխի ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի:
Պասիվ ծխելը կապված է սրտանոթային և շնչառական հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Հետազոտողների հաշվարկներով՝ 2023 թվականին այն հանգեցրել է առողջ կյանքի 44,8 միլիոն տարվա կորստի: Ամենամեծ ներդրումն է ունեցել սրտի իշեմիկ հիվանդությունը՝ մի վիճակ, երբ սրտամկանը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում:
«Հատկապես խոցելի են երեխաները: 2023 թվականին ծխախոտի ծխի ազդեցությունը կապված է եղել երեխաների շրջանում շնչուղիների մոտ 5,16 միլիոն վարակների հետ: Երեխան կարող է շնչել ինչպես մարող ծխախոտային արտադրանքի ծուխը, այնպես էլ այն ծուխը, որն արտաշնչում է ծխողը: Ընդ որում, ծխախոտի մարող ծայրից դուրս եկող ծուխը պարունակում է որոշ թունավոր և քաղցկեղածին նյութերի ավելի բարձր կոնցենտրացիաներ»,- պարզաբանել են գիտնականները:
Հետազոտողները նշում են, որ 1990 թվականից ի վեր աշխարհում ծխելու տարածվածությունը նվազել է 22%-ով, սակայն այն մարդկանց թիվը, որոնք ենթարկվում են պասիվ ծխման ազդեցությանը, գործնականում չի փոխվել: Որոշ տարածաշրջաններում, ներառյալ՝ Սահարայից այն կողմ գտնվող Աֆրիկայի երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, այդ ցուցանիշն անգամ աճում է:
Հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ՝ մարդկանց ծխախոտի ծխից պաշտպանելու համար, հատկապես՝ կանանց և երեխաներին: Նրանց կարծիքով՝ խոսքը պետք է վերաբերվի նաև այն վայրերին, որտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում, ներառյալ՝ սեփական տները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում