Վաղ դաշտանադադարը կապված է Ալցհայմերի հիվանդության ավելի վաղ ի հայտ գալու հետ․ JAMA

10 սեպտեմբերի, 2026  18:32

Գիտնականները պարզել են, որ վաղ դաշտանադադարը հանգեցնում է հիշողության առավել արագ վատթարացմանն ու Ալցհայմերի հիվանդության վաղ դրսևորմանը, ընդ որում՝ ուղեղում փոփոխությունները նկատելի են դառնում դաշտանադադարից տասնամյակներ անց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Դաշտանադադարն ուղեկցվում է էստրոգենների մակարդակի կտրուկ անկմամբ. այս հորմոնները, ի թիվս այլ գործառույթների, պաշտպանում են նյարդային բջիջները։ Գիտնականները ենթադրում են, որ որքան շուտ է դա տեղի ունենում, այնքան ավելի երկար է ուղեղը գործում հորմոնների պակասի պայմաններում, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ ծերության շրջանում ուղեղի առողջության վրա։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Մարիա Պիա Կամպանիայի գլխավորած հետազոտական խումբը դիտարկել է 2603 տարեց կնոջ (մասնակցության սկզբում նրանց միջին տարիքը 78 էր)։ Նրանց մի մասը երկու տարին մեկ ՄՌՏ հետազոտություն է անցել, իսկ 1287 կնոջ գլխուղեղը հետազոտվել է մահվանից հետո։ Մասնակիցներին հետևել են մինչև 18 տարի՝ ամեն տարի ստուգելով նրանց հիշողությունն ու մտածողությունը։

Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնց դաշտանադադարը սկսվել է հասակակիցներից 10 տարի շուտ, առանց Ալցհայմերի հիվանդության առողջ ապրելու տարիների «պաշարը» կրճատվել է գրեթե երկու տարով։ Իսկ բնական դաշտանադադարի՝ հինգ տարի ավելի վաղ սկսվելը հանգեցրել է մեկ տասնամյակի ընթացքում ուղեղի սպիտակ նյութի վնասումների մոտ 15%-ով ավելի կուտակման։

Հեղինակների խոսքով՝ այս ամենը վկայում է ուղեղի պաշտպանության գործում կանացի սեռական հորմոնների կարևոր դերի մասին, ինչպես նաև հուշում է, որ դեմենցիայի ռիսկերը գնահատելիս պետք է անպայման հաշվի առնել դաշտանադադարի տարիքը։ Ստացված տվյալները կարող են օգնել նախապես առանձնացնել այն կանանց, որոնց համար հիվանդության կանխարգելումը հատկապես կարևոր է։ Գիտնականները նաև քննարկում են, թե արդյոք փոխարինող հորմոնալ թերապիան կարող է մասամբ լրացնել էստրոգենների վաղաժամ պակասն ու պաշտպանել ուղեղը, սակայն հստակ պատասխան դեռևս չկա. դա պարզելու համար կպահանջվեն առանձին հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում