Ուղեղի ծերացման տեմպը կարող է կապված լինել աղիքային միկրոբիոտայի կազմի և դրա արտադրած նյութերի հետ։ Այս մասին ցույց է տվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մասնագետների նոր հետազոտությունը։ Ստացված տվյալները հայտնաբերում են ուղեղի ծերացման հետ կապված հնարավոր կենսաբանական գործընթացները, որոնք կարող են ի հայտ գալ տեսանելի ախտանիշների ի հայտ գալուց դեռ շատ առաջ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են eBioMedicine ամսագրում։
Գիտնականներն վերլուծել են երեք անկախ խմբերում ընդգրկված շուրջ 1,5 հազար չափահասների ուղեղի տոմոգրաֆիկ լուսանկարները։ Հանգստի վիճակում ուղեղի տարբեր հատվածների փոխազդեցությունը գնահատող մեթոդի օգնությամբ նրանք ստեղծել են համակարգչային մոդել, որը որոշել է յուրաքանչյուր մասնակցի ուղեղի ենթադրյալ տարիքը։ Այնուհետև այդ ցուցանիշը համեմատվել է մարդու փաստացի տարիքի հետ։ Այդ տարբերությունը հետազոտողներն անվանել են «ուղեղի ծերացման ինդեքս» (BAI)։
Բոլոր երեք խմբերում էլ եղել են մարդիկ, ում ուղեղն իրենց տարիքից ավելի ծեր տեսք է ունեցել․ նրանք ցուցաբերել են աշխատանքային հիշողության և կատարողական ֆունկցիաների (ուշադրության կենտրոնացում, պլանավորում, գործողությունների կազմակերպում) թեստերի ավելի ցածր արդյունքներ։ Նրանց մոտ նաև ավելի հաճախ են նկատվել դեպրեսիվ ախտանիշներ։ Ամենաարտահայտված կապն արձանագրվել է ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են հիշողության գործընթացների և սեփական անձի ընկալման ձևավորման համար։
Խմբերից մեկում գիտնականները լրացուցիչ ուսումնասիրել են մասնակիցների կղանքի նմուշները՝ պարզելով ուղեղի վիճակի և աղիքային միկրոբիոտայի միջև հնարավոր կապը։ Ուղեղի ծերացման ավելի բարձր ինդեքսը կապված է եղել աղիքային որոշակի բակտերիաների և դրանց նյութափոխանակության արգասիքների հետ։ Դրանց թվում են եղել որոշ ճարպային մոլեկուլներ, խոլեստերինի հետ կապված միացություններ, ինչպես նաև էստետրոլ հորմոնի ավելի ցածր մակարդակը։
Վերլուծությունը ի հայտ է բերել մի քանի հնարավոր կենսաբանական մեխանիզմներ, որոնք այս ցուցանիշները կապում են ուղեղի ծերացման հետ։ Դրանք առնչվում են իմունային համակարգի և անոթների աշխատանքին, նյարդային բջիջների փոխազդեցությանն ու բջիջների ներսում էներգիայի արտադրությանը։
«Ուղեղի ծերացումը հանկարծակի չի սկսվում տարեց տարիքի հասնելուն պես, դրա կենսաբանական նշանները կարող են նկատելի լինել դրանից տասնամյակներ առաջ», — հայտարարել է հետազոտության ավագ հեղինակ, UCLA Health-ի Goodman-Luskin միկրոբիոմի կենտրոնի համատնօրեն Արպանա Չյորչը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում