Դեղամիջոցը, որն սկզբնապես ստեղծվել էր արթրիտի բուժման համար, մազերը վերադարձրեց օջախային ալոպեցիայի ծանր ձևով տառապող մարդկանց, իսկ բուժառուների որոշ մասի շրջանում մազերի աճը լիովին վերականգնվեց։ Խոսքը «յանուս-կինազների ինհիբիտորներ» կոչվող խմբի ուպադացիտինիբ դեղամիջոցի մասին է։ Աշխատությունը հրապարակվել է JAMA Dermatology հանդեսում։
Երրորդ փուլի երկու կլինիկական հետազոտություններին մասնակցել է 1399 մարդ՝ 12-64 տարեկան (ներառյալ 118 դեռահաս): Կախված դեղաչափից (15 կամ 30 մգ)՝ բուժառուների 44,6–55%-ի մոտ գլխամաշկի մազածածկույթը վերականգնվել է առնվազն 80%-ով, իսկ 13–22,5%-ը գլխի մազերը լիովին վերականգնել է: Պլացեբոյի խմբում նման արդյունքի են հասել մասնակիցների միայն 1,5–3,4%-ը:
Օջախային ալոպեցիան աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է մազարմատների՝ ֆոլիկուլների վրա՝ առաջացնելով մազաթափություն՝ ընդհուպ լիակատար կորուստ: Ուպադացիտինիբը ճնշում է այդ հարձակմանը մասնակցող ազդանշանային ուղիները, ինչն էլ թույլ է տալիս մազերին նորից աճել։ Նկատելի բարելավում է գրանցվել արդեն ութ շաբաթվա ընդունումից հետո, ընդ որում՝ բարելավվել է նաև բուժառուների կյանքի որակը։
Օջախային ալոպեցիան կյանքում գոնե մեկ անգամ անդարդառնում է մարդկանց մոտ 2%-ին և, բացի կոմսետիկ անհարմարություններից, հաճախ ծանր է անդրադառնում հոգեկանի վրա՝ ընդհուպ մինչև տագնապային վիճակներ և դեպրեսիա: Մինչև վերջերս ծանր ձևերի բուժման արդյունավետ մեթոդներ գործնականում գոյություն չունեին։ Յանուս-կինազների ինհիբիտորները դարձան այդ հիվանդության դեպքում կայուն ազդեցություն ունեցող դեղամիջոցների առաջին դասը, թեև դրանք ստիպված են լինում ընդունել երկարատև, իսկ ընդհատումից հետո մազերը կարող են կրկին թափվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում