Գիտնականները պարզել են, որ սուրճը ակտիվացնում է բջջային հնագույն մեխանիզմ, որը կոչվում է AMPK: Այն պատասխանատու է սթրեսի նկատմամբ կայունության, ԴՆԹ-ի վերականգնման և աճի կարգավորման համար. գործընթացներ, որոնք սերտորեն կապված են ծերացման հետ: Աշխատանքը հրապարակվել է Microbial Cell բժշկագիտական հանդեսում:
AMPK-ն բջջի յուրահատուկ «էներգիայի ցուցիչ» է. այն միանում է, երբ էներգիան չի բավականացնում, և բջիջը տեղափոխում է աճի ռեժիմից խնայողության և «վերանորոգման» ռեժիմի: Այդ համակարգը շատ հին է. այն կարգավորում է կենդանի օրգանիզմների նյութափոխանակությունն արդեն ավելի քան 500 միլիոն տարի և նման կերպ է գործում խմորասնկերի, կենդանիների և մարդու մոտ:
Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի բջջային ծերացման լաբորատորիայից Ջոն-Պատրիկ Ալաոյի ղեկավարությամբ հետազոտողներն ուսումնասիրել են բաժանվող խմորասնկեր՝ միաբջիջ օրգանիզմներ, որոնք, չնայած իրենց պարզությանը, մարդու հետ կիսում են բազմաթիվ կարևոր կենսաբանական մեխանիզմներ: Պարզվել է, որ կոֆեինը նրանց մոտ գործարկում է հենց AMPK-ն՝ բջիջը տեղափոխելով ծերացման դանդաղեցմանն առնչվող ռեժիմ:
Նախկինում կոֆեինի ազդեցությունն ավելի հաճախ էր կապվում աճի մեկ այլ կարգավորիչի՝ TOR սպիտակուցի հետ, սակայն նոր աշխատությունը ցույց է տալիս, որ կոֆեինն ազդում է ծերացման վրա անուղղակիորեն՝ AMPK-ի միջոցով: Դա օգնում է հասկանալ, թե ինչու սուրճն ունի նյութափոխանակության և կյանքի տևողության վրա ազդող այդքան շատ քննարկվող հետևանքներ:
AMPK մեխանիզմը հետաքրքրում է գիտնականներին, քանի որ այն ակտիվացվում է նաև երկարակեցության հետ կապվող այլ միջոցներով, օրինակ՝ մետֆորմինով և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Եթե հաստատվի, որ կոֆեինն ազդում է նույն համակարգի վրա, դա կօգնի հասկանալ, թե ինչու սուրճ սիրողների մոտ դիտարկվող հետազոտություններում հաճախ տարիքային մի շարք հիվանդությունների ավելի ցածր ռիսկ է նկատվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում