Բրիտանացի գիտնականներն առաջին անգամ քարտեզագրել են խուլ մարդկանց ուղեղի տեսողական գոտիները․ PNAS

15 սեպտեմբերի, 2026  15:11

Վաղ տարիքում լսողությունը կորցրած մարդկանց գլխուղեղը վերակառուցում է տեսողական քարտեզը. առաջնային տեսողական կեղևն ու թալամուսը ավելի շատ նեյրոնային ռեսուրսներ են հատկացնում տեսադաշտի ծայրամասերին, քան կենտրոնին։ Այսպիսի եզրահանգման են եկել Յորքի և Շեֆիլդի համալսարանների մասնագետները։ Աշխատությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Պատճառն ուղեղի փոխհատուցող պլաստիկությունն է։ Լսողություն ունեցող մարդկանց ձայնն է հուշում, թե ուր թեքեն գլուխն ու հայացքը, հատկապես տեսադաշտի եզրերում, որտեղ տեսողության սրությունը բնականից ցածր է։ Զրկված լինելով նման հուշումից՝ չլսող մարդիկ հայացքն օգտագործում են որպես «վաղ ահազանգման համակարգ». բազմաթիվ գիտափորձեր ցույց են տալիս, որ ծայրամասերում (հայացքի կենտրոնից 30-ից մինչև 85 աստիճան հեռավորության վրա) հանկարծակի ի հայտ եկող և շարժվող օբյեկտները հայտնաբերելու հարցում նրանք գերազանցում են լսող մարդկանց։

Գլխուղեղի նման վերաձևման հետքերը Հայդի Բեյզլերի ղեկավարած գիտնականների խումբն ուսումնասիրել է ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով. նրանք քարտեզագրել են 32 կամավորների տեսադաշտը, որոնցից 16-ը վաղ տարիքում կորցրել էին լսողությունը (ավելի քան 70 դեցիբել կորուստ մինչև չորս տարեկանը), իսկ մյուս 16-ը նրանց լսող հասակակիցներն էին։ Մասնակիցներին ցուցադրել են կոնտրաստային շախմատային նախշով ընդլայնվող օղակներ և պտտվող սեկտորներ, որոնք ընդգրկել են տեսադաշտի մինչև 72 աստիճան տարածությունը։ Նախկին հետազոտություններն իրականացվել են միայն 37,5 աստիճանի սահմաններում, ինչի պատճառով ամենախոսուն գոտին դուրս էր մնացել գիտնականների տեսադաշտից։

Պարզվել է, որ կենտրոնից ավելի քան 39 աստիճան հեռավորության վրա գտնվող հեռավոր ծայրամասը չլսող մասնակիցների մոտ շատ ավելի ընդգծված է և՛ առաջնային տեսողական կեղևում (որտեղ տեսողական ինֆորմացիան մշակվում է առաջնահերթ), և՛ թալամուսի կողմնային ծնկաձև մարմնում, որը ցանցաթաղանթից դեպի ուղեղի կեղև գնացող ազդանշանների համար յուրօրինակ կապի հանգույց (ռելեային կայան) է ծառայում։ Տեսողության ծայրամասերի այս զարգացումը ձեռք է բերվել կենտրոնի համար պատասխանատու գոտու կրճատման հաշվին։ Հեղինակները կարծում են, որ հենց այս վերաբաշխումն է ընկած չլսողների մոտ կողային տեսողության գործնական առավելության հիմքում։

Ամենաընդարձակ ծայրամասային գոտիները հայտնաբերվել են նրանց մոտ, ովքեր մանկուց հաղորդակցվել են բրիտանական ժեստերի լեզվով։ Փոքր-ինչ ավելի համեստ արդյունքներ են գրանցվել այն ավելի ուշ սովորածների մոտ, և էլ ավելի ցածր՝ ժեստերի լեզվին չտիրապետողների պարագայում։ Թեև մասնակիցների քանակը բավարար չէ խիստ վիճակագրություն կազմելու համար, այս միտումը հուշում է, որ տեսողական-լեզվական փորձառությունն ուժեղացնում է էֆեկտը։ Փոփոխության է ենթարկվում ամեն ինչ՝ սկսած ցանցաթաղանթից. ավելի վաղ աշխատության հեղինակներն ապացուցել էին, որ չլսող մարդկանց մոտ ցանցաթաղանթի եզրերից ազդանշաններ հավաքող նյարդաթելերի շերտն ավելի հաստ է։ Ուսումնասիրության հեղինակները եզրակացնում են, որ զարգացող գլխուղեղն ունակ է տեսողական համակարգը հարմարեցնել և նույնիսկ օպտիմալացնել մարդու կենսակերպին համապատասխան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում