Եղունգների հիմքում գտնվող լուսնաձև սպիտակ հատվածների (լունուլաների) կարմրումը կարող է կապված լինել սրտային անբավարարության, լյարդի ցիռոզի, ռևմատոիդ արթրիտի և այլ հիվանդությունների հետ։ Նման եզրահանգման են եկել Նյու Ջերսիի Ռաթգերսի բժշկական դպրոցի հետազոտողները։ Գիտական ակնարկը հրապարակվել է «American Journal of the Medical Sciences» (AJMS) պարբերականում։
Լունուլան ձևավորվում է եղունգի հիմքում, որտեղ էլ հենց առաջանում են կերատինի նոր բջիջները։ Սովորաբար այն սպիտակավուն երանգ ունի, իսկ դրա կարմրումը հազվադեպ է հանդիպում։ Ակնարկի տվյալներով՝ մի քանի լունուլաների գույնի փոփոխությունն ավելի հաճախ նկատվում է համակարգային հիվանդությունների դեպքում, որոնք ազդում են ողջ օրգանիզմի վրա։
«Գիտական գրականության մեջ լունուլաների կարմրումն ամենահաճախը կապվել է սիրտ-անոթային, աուտոիմունային և ռևմատոլոգիական հիվանդությունների հետ։ Այս ախտանիշը նկարագրվել է նաև լյարդի հիվանդություններ, շարակցական հյուսվածքի ախտահարումներ, օջախային ալոպեցիա և շմոլ գազից թունավորում ունեցող պացիենտների մոտ», — հստակեցրել են գիտնականները։
Այդուհանդերձ, կարմիր լունուլան դեռ չի նշանակում, թե մարդն անպայման որևէ հիվանդություն ունի։ Ավելին, նման կապի մեխանիզմն առայժմ ճշգրիտ սահմանված չէ։ Հետազոտողները ենթադրում են, որ կարմրումը կարող է պայմանավորված լինել համակարգային ախտաբանությունների հետևանքով եղունգի տակ գտնվող մանր արյունատար անոթների ընդլայնմամբ և արյան հոսքի ակտիվացմամբ։
«Ախտահարված եղունգների քանակը նույնպես կարևոր է։ Եթե կարմիր գույնն ի հայտ է գալիս միանգամից մի քանի լունուլաների վրա, դա ավելի հաճախ կարող է վկայել համակարգային խնդրի մասին։ Ընդհակառակը, միայն մեկ եղունգի կարմրումը պահանջում է բացառել տեղային պատճառները, օրինակ՝ ենթաեղնգային ուռուցքը, արյունազեղումը կամ եղունգի հիմքի վարակը», — հավելել են հետազոտողները։
Հեղինակները կարծում են, որ լունուլաների արտասովոր գույնը կարող է օգտակար ազդանշան լինել ավելի մանրակրկիտ հետազոտության համար։ Այս ախտանիշը բժշկությանը հայտնի է դեռևս 1950-ական թվականներից, սակայն դրա հազվադեպության պատճառով ախտորոշիչ նշանակությունը հաճախ անտեսվում է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day