Գերմանացի գիտնականները պարզել են, որ քնի ընթացքում լույսի կանոնավոր ազդեցությունը կապված է սրտի կառուցվածքի և աշխատանքի փոփոխությունների հետ, որոնք կարող են մեծացնել սրտային անբավարարության, ինֆարկտի և ուղեղի կաթվածի վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal (EHJ) բժշկագիտական հանդեսում:
Հետազոտողները վերլուծել են Բրիտանական կենսաբանկի (UK Biobank) 11 հազար 71 մասնակիցների տվյալները, ովքեր մեկ շաբաթ շարունակ կրել են լույսի և շարժման տվիչներ, իսկ մի քանի տարի անց անցել սրտի մագնիսառեզոնանսային շերտագրություն: Այն մարդկանց մոտ, որոնց գիշերային լուսավորվածության մակարդակն ամենաբարձրն էր, ձախ փորոքը միջինում 2,4%-ով մեծ էր, սրտի պատը՝ 1,5%-ով ավելի հաստ, իսկ կծկողականունակությունը՝ 1,9%-ով ցածր, քան նրանք, ովքեր քնել են առավել մութ պայմաններում:
Այս փոփոխությունները կարող են կապված լինել այսպես կոչված սրտի վերակառուցման՝ նրա կառուցվածքի վերադասավորման հետ, որն ուղեկցում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, հայտնաբերված փոփոխությունների գրեթե կեսը կարող էր բացատրվել քնի պակասով:
«Մեկ այլ հնարավոր մեխանիզմ է ցիրկադային ռիթմերի խախտումը: Գիշերային լույսն ունակ է ազդել ներքին կենսաբանական ժամացույցի վրա, որը կարգավորում է ոչ միայն քունը, այլև զարկերակային ճնշումը, հորմոնալ ֆոնը և բորբոքային գործընթացները»,- բացատրել են գիտնականները:
Կապը նկատվել է նաև հիվանդությունների դեպքում: Տասը տարվա դիտարկման ընթացքում այն մասնակիցների շրջանում, ովքեր ենթարկվել են առավել ուժեղ գիշերային լուսավորության, սրտային անբավարարության ռիսկը 29%-ով բարձր էր, ինֆարկտինը՝ 24%-ով, ուղեղի կաթվածինը՝ 33%-ով, իսկ առավել մութ պայմաններում քնողների համեմատ սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը՝ 26%-ով բարձր:
Գիտնականները նշել են, որ հետազոտության ընթացքում լուսավորվածությունը չափվել է միայն մեկ շաբաթվա ընթացքում և չի գնահատվել լույսի սպեկտրը: Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ սրտի առողջության համար օգտակար կլինի պարզ միջոցներով նվազեցնել գիշերային լույսի ազդեցությունը, օրինակ՝ հաստ վարագույրներով, ննջասենյակում վառ լույսի աղբյուրների բացակայությամբ և կենցաղային տեխնիկայի լուսարձակող ցուցիչները փակելով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում