Աթերոսկլերոտիկ վահանիկները կարող են անոթներում հայտնվել արդեն 18 տարեկանում. NEJM

15 սեպտեմբերի, 2026  21:10

Աթերոսկլերոտիկ վահանիկները կարող են հայտնվել անոթներում դեռևս երիտասարդ տարիքում՝ մինչև որևէ ախտանիշի ի հայտ գալը։ Ինչպես ցույց է տվել REACT միջազգային հետազոտությունը՝ ավելի քան 16 հազար մարդու մասնակցությամբ, աթերոսկլերոզի նշաններ հանդիպում են նույնիսկ 30 տարեկանից փոքր մարդկանց մոտ։ Արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine (NEJM) բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները հետազոտել են Դանիայի և Իսպանիայի 18-70 տարեկան 16 հազար 808 բնակիչների, ովքեր անցյալում սրտանոթային հիվանդություններ չեն ունեցել: Պատկերման եղանակների միջոցով նրանք ուսումնասիրել են զարկերակային համակարգի տարբեր հատվածների վիճակը, ներառյալ՝ սրտի, պարանոցի և ոտքերի անոթները:

Աթերոսկլերոզի նշաններ հայտնաբերվել են մասնակիցների կեսից ավելիի մոտ՝ առնվազն հետազոտված մարզերից մեկում: Հատկապես ցուցանշական են եղել ամենաերիտասարդների արդյունքները. վահանիկներ հայտնաբերվել են 18-29 տարեկան տղամարդկանց 8,7%-ի և կանանց 6,7%-ի շրջանում:

Ստացված տվյալները ցույց են տալիս, որ աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման գործընթացը կարող է սկսվել սրտանոթային հիվանդությունների առաջին ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ: Ընդ որում, վահանիկների առկայությունն ինքնին չի նշանակում, որ մարդու մոտ անպայման կզարգանա սրտի կամ անոթների հիվանդություն։

Աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոններին են պատկանում ծխելը, արյան բարձր ճնշումը, արյան մեջ «վատ» խոլեստերինի ավելցուկը, շաքարային դիաբետը, սննդակարգում յուղոտ, տապակած և քաղցր ուտեստների առատությունը։ Տղամարդիկ աթերոսկլերոզից տառապում են ավելի հաճախ և դրան բախվում են կանանցից միջինում 10-15 տարի շուտ՝ որովայնի շրջանում ճարպ կուտակելու հակվածության և տեստոստերոնի ազդեցության պատճառով. այդ հորմոնի բարձր մակարդակը կարող է նվազեցնել արյան մեջ «լավ» խոլեստերինի խտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում