Ինչո՞ւ են ուղեղի վնասվածքից հետո որոշ մարդիկ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, իսկ մյուսները՝ ոչ

16 սեպտեմբերի, 2026  08:43

Ամեն տարի աշխարհում մոտ 20 միլիոն մարդ ստանում է ուղեղի ցնցում կամ գանգուղեղային այլ վնասվածք (ԳՈՒՎ): Նման տրավմայից հետո դեպրեսիայի, տագնապային խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) զարգացման վտանգը մեծանում է երկուսից չորս անգամ: Սակայն հոգեկան այս ախտանիշներն ի հայտ են գալիս գանգուղեղային վնասվածք ունեցող ոչ բոլոր մարդկանց մոտ:

Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի և Վետերանների հարցերով առողջապահական համակարգի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կարող է կապված լինել ուղեղի վնասվածքի որոշ հետևանքների նկատմամբ կայունության հետ: ԱՄՆ ծովային հետևակի այն զինծառայողների մոտ, որոնց արյան մեջ anti-NMDAR1 բնական հակամարմինների մակարդակն ավելի բարձր է եղել, գանգուղեղային վնասվածքից հետո դեպրեսիայի և ՀՏՍԽ-ի ախտանիշներն ավելի հազվադեպ են ի հայտ եկել, քան այն մասնակիցների մոտ, որոնք ունեցել են այդ հակամարմինների ցածր մակարդակ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում:
Anti-NMDAR1-ը ներգործում է NMDA-ընկալիչների վրա. սրանք սպիտակուցներ են, որոնք կարևոր դեր են խաղում հիշողությունների ձևավորման և ուղեղում նոր տեղեկատվության պահպանման գործընթացում: Այս հակամարմինները նախևառաջ հայտնի են հազվադեպ հանդիպող աուտոիմունային հիվանդության՝ NMDA-ընկալիչների դեմ հակամարմիններով էնցեֆալիտի համատեքստում, որը կարող է հանգեցնել հիշողության խանգարումների և ծանր նյարդաբանական ախտանիշների:
Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ anti-NMDAR1 բնական հակամարմինները կարող են նաև այլ կերպ գործել և որոշակի պայմաններում պաշտպանիչ գործառույթ կատարել:
Գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ 1025 ծովային հետևակայինների արյան նմուշներն ու հոգեբուժական հետազոտությունների արդյունքները: Այս զինվորականները 2011-2013 թվականներին յոթնամսյա մարտական գործուղման շրջանակներում ծառայել են Աֆղանստանում: Մասնակիցները հետազոտություն են անցել ինչպես մեկնելուց առաջ, այնպես էլ վերադառնալուց հետո:
Կյանքի ընթացքում գանգուղեղային վնասվածք ստացած զինծառայողների շրջանում նրանց մոտ, ովքեր anti-NMDAR1 բնական հակամարմինների քանակով եղել են ամենաբարձր ցուցանիշն ունեցող քառորդում, գործուղումից հետո դեպրեսիայի ախտանիշները մոտ 25%-ով, իսկ ՀՏՍԽ-ինը՝ 22%-ով ավելի ցածր են եղել, քան ցածր մակարդակ ունեցող մասնակիցների մոտ:
Նրանց շրջանում նաև զգալիորեն ավելի հազվադեպ է դիտվել միջին կամ ծանր աստիճանի դեպրեսիա, և մարտական գոտուց վերադառնալուց հետո հոգեմետ դեղամիջոցներ ընդունելու կարիքն ավելի քիչ է եղել:
Հակամարմիններն արյան մեջ հայտնաբերվել են մեկ տարուց ավելի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ anti-NMDAR1-ի բարձր մակարդակը կարող է լինել տվյալ մարդու համեմատաբար կայուն անհատական առանձնահատկությունը: Ընդ որում, հետազոտողները չեն գտել որևէ կապ հակամարմինների մակարդակի և տագնապայնության միջև: Նրանց կարծիքով, պաշտպանիչ ազդեցությունը կարող է բնորոշ լինել բացառապես դեպրեսիային ու ՀՏՍԽ-ին:
Հնարավոր պատճառներից մեկը կապված է հակամարմինների չափի հետ: Ծովային հետևակայինների մոտ հայտնաբերված anti-NMDAR1 բնական հակամարմինները հիմնականում պատկանում են IgM դասին: Այս հակամարմինները չափազանց մեծ են և չեն կարող թափանցել սինապսներ (նյարդային բջիջների միջև եղած մանրագույն արանքները, որոնց միջոցով փոխանցվում են քիմիական ազդանշաններ):
Փոխարենը, դրանք կարող են միանալ սինապսներից դուրս գտնվող NMDA-ընկալիչներին: Գիտնականները ենթադրում են, որ հենց այս ընկալիչներն են կարևոր դեր խաղում գանգուղեղային տրավմայից հետո ուղեղի վնասման գործընթացում: Եթե IgM հակամարմիններն արգելափակում են դրանք, դա կարող է մասամբ պաշտպանել նյարդային հյուսվածքը հետագա վնասումներից:
Նույն հետազոտական թիմի կողմից մկների վրա կատարված նախորդ փորձերը ցույց էին տվել, որ anti-NMDAR1 հակամարմինները կարող են, հակառակը, վատթարացնել ճանաչողական գործառույթները (կոգնիտիվ ֆունկցիաները): Սակայն այն ժամանակ գիտնականներն օգտագործել էին զգալիորեն ավելի փոքր չափեր ունեցող՝ IgG դասի հակամարմիններ: Դրանք ի վիճակի են ներթափանցել սինապսներ և կապվել ուղեղի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ընկալիչներին:
«Մենք ենթադրեցինք, որ հենց չափերի տարբերությունն է որոշում՝ արդյոք հակամարմինը հասնում է ուղեղի վնասմանը մասնակցող ընկալիչներին, թե՞ ուղեղի ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ընկալիչներին»,- պարզաբանել է հետազոտության համահեղինակ, Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Սյանցզին Չժոուն:
Երբ այս վարկածը փորձարկվեց մկների վրա, այն հաստատվեց. ավելի փոքր IgG հակամարմինները վատթարացնում էին հիշողությունը, մինչդեռ ավելի մեծ չափեր ունեցող IgM հակամարմինները, հակառակը, ցուցաբերում էին պաշտպանիչ ազդեցություն:
Հետաքրքիր է, որ միևնույն NMDA-ընկալիչների հետ է կապված նաև կետամինի ազդեցության մեխանիզմը. դեղամիջոց, որն ԱՄՆ-ում հաստատված է դեպրեսիայի և ՀՏՍԽ-ի բուժման համար: Սակայն կետամինի ազդեցությունը համեմատաբար կարճաժամկետ է, մինչդեռ anti-NMDAR1 բնական հակամարմինները կարող են արյան մեջ պահպանվել մեկ տարի և ավելի:
Հետազոտողներն ընդգծում են, որ առայժմ խոսքը միայն փոխկապակցվածության (կոռելյացիայի) մասին է: Ստացված տվյալները չեն ապացուցում, որ anti-NMDAR1-ն անմիջականորեն պաշտպանում է մարդուն վնասվածքից հետո առաջացող դեպրեսիայից ու ՀՏՍԽ-ից: Անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ հակամարմինների ազդեցության մեխանիզմը պարզելու և հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է դրանց մակարդակն օգտագործել ուղեղի վնասվածքի հոգեկան հետևանքների բարձր ռիսկային խմբում գտնվող անձանց բացահայտելու կամ բուժման նոր մեթոդներ մշակելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում