Պենսիլվանիայում կարմրուկից մահվան 4 դեպք է արձանագրվել․ սրանք վերջին 35 տարում նահանգում հիվանդության հետևանքով գրանցված առաջին ողբերգական դեպքերն են։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Պենսիլվանիայի առողջապահության դեպարտամենտին։
Բոլոր 4 դեպքերն էլ գրանցվել են օգոստոսին՝ կարմրուկի շարունակվող բռնկման ֆոնին։ Զոհվածների թվում են Լանկաստեր շրջանից երկու երեխա, Միֆլինից 18-ամյա մի երիտասարդ և Ջեֆերսոնից 40-ամյա մի կին։ Վերջին երկուսը պատվաստված չեն եղել։
18-ամյա երիտասարդը մահացել է վարակի բարդացումներից, այդ թվում՝ ուղեղի բորբոքմամբ ուղեկցվող ծանր նյարդաբանական հիվանդությունից։ 40-ամյա կինն ուներ ասթմա և թոքերի ծանր ախտահարում։
Երկու փոքրիկներն էլ տարիքի պատճառով դեռ չէին կարող ստանալ պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը սովորաբար ներարկվում է մոտ մեկ տարեկանում։ Վեց շաբաթական երեխայի դեպքում դատաբժիշկը մահվան պատճառ է նշել հենց կարմրուկը։ Նորածնի թոքային հյուսվածքներում թեև հայտնաբերվել է վիրուսը, սակայն մահվան անմիջական պատճառ են համարվել ներքին արյունահոսությունն ու փայծաղի պատռվածքը։
Պենսիլվանիայի իշխանությունների տվյալներով՝ այս տարի նահանգում արձանագրվել է կարմրուկի շուրջ 700 դեպք, 133 մարդ հոսպիտալացվել է։ Պաշտոնյաները բռնկումը կապում են պատվաստումների ցածր ցուցանիշի հետ․ կարմրուկը ծայրահանդաստիճան վարակիչ է, և երբ պատվաստման ծածկույթն իջնում է հավաքական իմունիտետի համար անհրաժեշտ շեմից, վիրուսը սկսում է կայծակնային արագությամբ տարածվել չպատվաստվածների շրջանում։
Այդուհանդերձ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) դեռևս չեն հաստատել այս 4 մահերից և ոչ մեկը։ Գերատեսչության կայքում այս պահի դրությամբ 2026 թվականին ԱՄՆ-ում կարմրուկից մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չկան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում