Մինչ գլյուկագոնանման պեպտիդ-1-ի ռեպտորների ագոնիստ (GLP-1) դեղամիջոցներ նշանակելը, որոնք կիրառվում են շաքարախտի և ճարպակալման դեպքում, բժիշկները պետք է ստուգեն բուժառուների մոտ սննդային վարքագծի խանգարումների առկայությունը։ Այսպիսի կոնսենսուսի է եկել 45 մասնագետներից և նման խանգարումների կամ GLP-1 դեղամիջոցների կիրառման անձնական փորձ ունեցող մարդկանցից բաղկացած միջազգային խումբը։ Հանձնարարականները հրապարակվել են World Psychiatry բժշկագիտական հանդեսում։
GLP-1 դեղամիջոցները նվազեցնում են ախորժակը, գլյուկոզի մակարդակը և զարկերակային ճնշումը, դանդաղեցնում ստամոքսի դատարկումը և նպաստում քաշի նվազմանը։ Որոշ վաղ հետազոտություններ մատնանշում էին հարկադրական չափից ավելի ուտելու դրվագների հնարավոր նվազումը, սակայն արդյունքները մնում են երկիմաստ։ Առավել խիստ վերահսկվող հետազոտությունում նման դրվագների հաճախականության նվազումը զգալիորեն ավելի ուժեղ չի եղել, քան պլացեբոյի կիրառման դեպքում՝ չնայած քաշի ավելի արտահայտված կորստին։
Փորձագետները հասել են 94,7% համաձայնության այն հարցում, որ բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է գնահատել ընթացիկ կամ նախկինում ունեցած սննդային վարքագծի խանգարման առկայությունը։ Դրական սքրինինգային արդյունքի դեպքում նրանք խորհուրդ են տալիս լրացուցիչ հսկողություն, մասնագետի խորհրդատվություն կամ բուժման մարտավարության փոփոխություն՝ կախված ախտանիշների արտահայտվածությունից։
Ակտիվ սննդային վարքագծի խանգարումների դեպքում, հատկապես նյարդային անորեքսիայի, աթիպիկ անորեքսիայի և բուլիմիայի, որոնք ուղեկցվում են սննդի արտահայտված սահմանափակումներով կամ քաշի զգալի նվազմամբ, քննարկման հարթակի անդամների կարծիքով, GLP-1 դեղամիջոցներից ընդհանուր առմամբ պետք է խուսափել։ Նման խանգարման առկայության դեպքում անցյալում խորհուրդ է տրվում առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել։
Բուժման ընթացքում և դրա ավարտից հետո մասնագետներն առաջարկում են հետևել ոչ միայն քաշին, այլև սննդակարգին, ախորժակին, ֆիզիկական վիճակին, տրամադրությանը և հոգեբանական ախտանիշներին։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել կտրուկ նվազած ախորժակին կամ անսպասելիորեն արագ նիհարելուն։
Սննդային վարքագծի խանգարման ախտանիշներ ի հայտ գալու դեպքում կարող է պահանջվել մասնագետի խորհրդատվություն, լրացուցիչ հոգեբանական աջակցություն կամ դեղամիջոցի ընդունման դադարեցում։ Ընդ որում, որոշումը, ընդգծում են փորձագետները, պետք է ընդունվի անհատապես՝ հաշվի առնելով ինչպես հնարավոր ռիսկերը, այնպես էլ ապաքինման բժշկական օգուտը։
Հեղինակները նշում են, որ ապացուցողական բազան առայժմ սահմանափակ է. շատ հետազոտություններ եղել են փոքր, կարճաժամկետ կամ ունեցել են դիտորդական բնույթ։ Հետևաբար, փորձագետները կոչ են անում շարունակել GLP-1 դեղամիջոցների անվտանգության ուսումնասիրությունը, ներառյալ՝ դրանց ազդեցությունը սննդային վարքագծի խանգարումների վրա և արդյունավետությունը հարկադրական չափից ավելի ուտելու դեպքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում