Քնի տևողությունն ու կառուցվածքը կարող են կապված լինել տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։ Նման եզրահանգման են եկել չինացի հետազոտողները, որոնք ինը տարի շարունակ հետևել են ավելի քան 95 հազար չափահասների առողջական վիճակին։
Աշխատությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։
Պեկինի համալսարանի գիտնական Ցզինսուն Լոյի ղեկավարած թիմը վերլուծել է այն մասնակիցների տվյալները, որոնք յոթ օր շարունակ դաստակին կրել են քնի մոնիտորինգի սարքեր։ Դրանք թույլ են տվել գնահատել քնի տարբեր փուլերի՝ արագ քնի (REM), խորը և մակերեսային քնի տևողությունը։
Այնուհետև հետազոտողները համադրել են այս տվյալները մասնակիցների բժշկական գրառումների (քարտերի) հետ և ուսումնասիրել քնի առանձնահատկությունների կապը ավելի քան 1000 հիվանդությունների հետ։
Ամենամեծ թվով կապերը հայտնաբերվել են REM-քնի (արագ քնի) պարագայում. սա այն փուլն է, որի ժամանակ ամենից հաճախ են երազներ առաջանում։ Ավելի տևական REM-քունը կապված է եղել 83 հիվանդությունների, այդ թվում՝ սրտային անբավարարության, դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության և ցրված սկլերոզի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։
Խորը քնի (որը համարվում է առավել վերականգնողական փուլը) ավելի մեծ տևողությունը կապված է եղել յոթ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։ Դրանց թվում են եղել 2-րդ տիպի շաքարային դիաբետը, ծանր դեպրեսիան և քնի ապնոէն։
Հետազոտությունը նաև հաստատել է գիշերային քնի տևողության և հիվանդությունների ռիսկի միջև կապը։ Այն մասնակիցները, որոնք օրական քնել են վեցից ութ ժամ, ունեցել են ռիսկի ամենացածր ցուցանիշները 69 հիվանդությունների դեպքում։ Այն մարդկանց մոտ, որոնք քնել են հինգ ժամից պակաս, բարձր ռիսկ է նկատվել 37 հիվանդությունների համար։
Ընդ որում, հետազոտությունը կրել է դիտարկման բնույթ։ Հետևաբար՝ դրա արդյունքները չեն ապացուցում, որ քնի որոշակի տևողությունը կամ կառուցվածքն անմիջականորեն կանխում են հիվանդությունները։ Հետազոտողները պարզել են վիճակագրական կապը, սակայն չեն կարողացել որոշել պատճառահետևանքային մեխանիզմը։
Հեղինակները նշում են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են քնի տարբեր փուլերը կապված լինել հիվանդությունների զարգացման հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում