GLP-1 խմբի հայտնի դեղամիջոցների, ինչպիսին են Ozempic-ը, Wegovy-ն, Mounjaro-ն և Zepbound-ը, ընդհատումը կարող է հանգեցնել դրանց սրտանոթային ազդեցության արագ թուլացման, ցույց է տվել նոր խոշոր հետազոտությունը։
Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող այն մարդկանց մոտ, ովքեր դադարեցրել են GLP-1 դեղամիջոցների ընդունումը, լուրջ սրտանոթային միջադեպերի հավանականությունն աստիճանաբար աճել է: Բուժումը դադարեցնելուց երկու տարի անց ինֆարկտի, ուղեղի կաթվածի կամ մահվան վտանգը 22%-ով բարձր է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք շարունակել են ընդունել այդ դեղերը։
GLP-1 դեղամիջոցները, ներառյալ սեմագլուտիդը և տիրզեպատիդը, լայնորեն կիրառվում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի և գիրության բուժման համար։ Արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման բարելավման և քաշի կորստի հետ մեկտեղ, այս դեղամիջոցներն նաև ապացուցված սրտանոթային առավելություններ ունեն։
Նոր հետազոտությունում գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի վետերանների ավելի քան 333 հազար բժշկական տվյալներ, որոնք ունեցել են 2-րդ տիպի շաքարային դիաբետ, և հետևել են նրանց երեք տարվա ընթացքում։ Նրանցից 132 հազար 551 բուժառուի նշանակվել են GLP-1 դեղամիջոցներ, իսկ 201 հազար 136-ին՝ սուլֆանիլմիզանյութի ածանցյալներ (դիաբետի բուժման մեկ այլ դասի դեղամիջոցներ)։
Հետազոտողները գնահատել են բուժման կարգավիճակը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ GLP-1 ընդունող բուժառուների մոտ 26%-ը վերջնականապես դադարեցրել է բուժումը: Եվս մոտ 23%-ի մոտ եղել էնտևել էն ոչ պակաս, քան վեցամսյա ընդհատում, որից հետո նրանք վերսկսել են դեղերի ընդունումը։
Սրտանոթային համակարգի առավել արտահայտված պաշտպանություն նկատվել է նրանց շրջանում, որոնք շարունակել են ընդունել GLP-1 դեղամիջոցները հետազոտության ամբողջ՝ երեք տարվա ընթացքում։ Սուլֆանիլմիզանյութ ընդունող բուժառուների համեմատ՝ նրանց շրջանում, որոնք անդադար ստացել են GLP-1 թերապիա, լուրջ սրտանոթային միջադեպերի ռիսկը 18%-ով ցածր է եղել։ Դա համապատասխանում է երեք տարվա ընթացքում յուրաքանչյուր 100 մարդու հաշվով կանխարգelված մոտավորապես չորս միջադեպի։
Բուժման ընդհատումների դեպքում այս ազդեցությունը դարձել է քիչ արտահայտված։ Այն բուժառուների շրջանում, ովքեր դադարեցրել են GLP-1 դեղերի ընդունումը, իսկ հետո նորից վերսկսել թերապիան, սրտանոթային ռիսկի նվազումը միջինում կազմել է 12%, այն դեպքում, երբ անընդհատ բուժման դեպքում այն 18% էր։
Նույնիսկ վեցամսյա ընդհատումը թերապիայում կապված է եղել սրտանոթային ռիսկի 4–8% աճի հետ՝ դեղերի անընդհատ ընդունման համեմատ։ Որքան երկար է տևել ընդհատումը, այնքան ուժեղ է, համաձայն հետազոտության տվյալների, նվազել բուժման պաշտպանիչ արդյունավետությունը։ Առանց թերապիայի մեկ տարի անց ռիսկը եղել է 14%-ով բարձր, իսկ երկու տարի անց՝ 22%-ով բարձր, քան բուժումը շարունակող բուժառուների շրջանում։
Ստացված արդյունքները վկայում են, որ GLP-1 թերապիայի ժամանակ ձեռք բերված սրտանոթային առավելությունները կարող են համեմատաբար արագ նվազել բուժումը դադարեցնելուց հետո: Թերապիայի վերսկսումը, ըստ երևույթին, վերադարձնում է պաշտպանիչ ազդեցության մի մասը, սակայն ոչ ամբողջությամբ։
«GLP-1 դեղամիջոցների սկզբի շուրջ հսկայական իրարանցում կա, բայց շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում այն ամենին, ինչ տեղի է ունենում բուժումը դադարեցնելուց հետո»,- նշել է հետազոտության ավագ հեղինակ, Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի կլինիկական համաճարակաբան և VA Saint Louis առողջապահական համակարգի հետազոտությունների և զարգացման ծառայության ղեկավար Զիյադ Ալ-Ալին:
Ըստ Ալ-Ալիի՝ բուժառուները կարող են դադարեցնել բուժումը դեղերի արժեքի, կողմնակի ազդեցությունների կամ մատակարարման խափանումների պատճառով: Ընդ որում՝ թերապիայի չեղարկումը կարող է հանգեցնել ոչ միայն քաշի կրկնակի հավաքման։ Նրա կարծիքով՝ կարող են կրկին ուժգնանալ նյութափոխանակության խանգարումները, դրանց թվում՝ բարձրանալ բորբոքման մակարդակը, զարկերակային ճնշումը և խոլեստերինը:
Հետազոտողները նշում են, որ արդյունքներն ընդգծում են թերապիայի անընդհատության կարևորությունը GLP-1 դեղամիջոցների սրտանոթային ազդեցությունը պահպանելու համար: Նրանք մատնանշում են նաև այն գործոնների վերացման անհրաժեշտությունը, որոնք կարող են ստիպել բուժառուներին ընդհատել բուժումը։
Հետազոտությունը հրապարակվել է BMJ Medicine բժշկագիտական հանդեսում: Այն ֆինանսավորել է ԱՄՆ վետերանների գործերով նախարարությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում