Մեկնարկել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը. Անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրացիները

23 սեպտեմբերի, 2026  12:32

2026 թվականի սեպտեմբերի 17–ից մեկնարկել է գրիպի դեմ պատվաստումային գործընթացը ողջ հանրապետությունում. Բոլոր բուժհաստատությունները ակահովված են պատվաստանյութի անհրաժեշտ պաշարներով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

«Պատվաստումային գործընթացի հասանելիությունը մեծացնելու նպատակով Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղակայվել են շարժամական պատվաստումային կետեր, որոնք իրականացնելու են պատվաստումային գործընթաց թե գրիպի, թե կովիդի, թե կարկրուկ, կարմրախոզուկ, և թե մարդու պապիլոմա վիրուսի դեմ։

Ներկա դրությամբ պատվաստումային երեք շարժական կետ գործում է Վերնիսաժ այգու հատվածում, Հանրապետության հրապարակում և Գայի պողոտայի հարևանությամբ։ Հետագայում տեղայակումները կփոխվեն, իսկ վերնիսաժում տեղակայված կետըգործելու է գործընթացի ամբողջ ժամանակահատվածում, մինչև դեկտեմբերի 4–ը։ Շարժական կետերը հասանելի են ժամը 10-16–ը։

Այս պահին բոլոր պոլիկլինիկաները ապահովված են պատվաստանյութերով, մարդիկ կարող են գնալ և պատվաստվել։ Գրիպի դեմ պատվաստումը հասանելի է անկախ քաղաքացիությունից, կցագրման փաստից և իրականացվում է անվճար։ Օտարերկրացիները ևս կարող են անվճար պատվաստվել»,–ասաց նա։

Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն ասաց. «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները նխատեսված են ռիսկի խմբերի համար։ Ռիսկի խմբերն են՝ 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,  սոցիալական խնամքի կենտրոններում գտնվող ինչպես շահառուները, այնպես էլ սպասարկող անձնակազմը, զինծառայողները։ Հենց այս խմբերի մոտ է գրիպը դրսևորվում առավել ծանր ձևով, առաջացնում բարդություններ

Պատվաստումները հասանելի են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցղ անձանց համար։ Այս դեպքում տվյալ անձին կցագրված բժշկական  կազմակերպությունը կարող է կազմակերպել կեցության վայրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։

Ռիսկի խմբերում չընդգրկված անձինք ևս կարող են դիմել և պատվաստվել։ Այդ առումով որևէ սահմանափակում չունենք»։

Անդրադառնալով համաճարակային իրավիճակին, Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, քանի որ Հայաստանում սուր շնչառական վարակների առումով սեզոնը սկսվում է հոկտեմբերի առաջին շաբաթվանից, սակայն կոնկրետ գրիպի վարակի շրջանառությունը նոյեմբեր–դեկտեմբերին է գրանցվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում