• Latest news

Գրիպի ո՞ր տեսակի շտամներն են այս տարի տարածված լինելու. Այս տարի 10%–ով ավելի շատ պատվաստանյութ է գնվել

23 սեպտեմբերի, 2026  13:27

Այս տարի գնահատված է, որ մեր տարածաշրջանում տարածված են լինելու գրիպի 2A, H1N1 և H3N2 և մեկ B տիպի շտամները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը՝ հավելելով, որ ըստ այդմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության հիման վրա թողարկվել է եռավալենտ պատաստանյութը այս տարածաշրջանի համար։

«Բարեբախտաբար, տարեց տարի գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ պահանջարկն աճում է և արձագանքելով այդ աճող պահանջարկի յուրաքանչյուր տարի մեծանում է հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ձեռք բերվող գրիպի դեմ պատվաստանյութի խմբաքանակը։ Այս տարի ներմուծվել է 225000 դեղաչափ, որը առավելագույնն է վերջին տարիների ընթացքում։ Եթե անցած տարի 210 հազարի կարգի էր ներմուծվել, այս տարի  10% - ով բարձրացել է գնման մատակարարման քանակը՝ արձագանքելով այդ աճող պահանջարկին։

Պահանջարկը աճում է հատկապես ռիսկային խմբերում, մասնավորապես կառանձնացնենք բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, տարեցներին և երեխաներին։ Հենց այդ ռիսկի խմբերի շրջանում առավել մեծ է գրիպի դեպրատվաստանյութի դրական ազդեցությունը, այսինքն կանխարգելելու առումով թե հիվանդության դեպքերը, թե մահացության դեպքերը»,–ասաց նա։

Իր հերթին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ սուր շնչառական վարակները նույն կլինիկական դրսևորումները ունեն, և մի սուր շնչառական վարակը մյուսից տարբերակելու համար անպայման լաբորատոր հետազոտություն է անհրաժեշտ, այսինքն կլինիկորեն հնարավոր չէ տարբերակել, հետևաբար ցանկացած սուր շնչառական վարակի երևույթներով անձ պետք է դիմի բժշկի, չզբաղվի ինքնաբուժմամբ։

«Հայաստանում իրականացված հետազոտությունները փաստել են, որ այս սեզոնների ընթացքում առնվազն 26 000 հիվանդության դեպք է կանխարգելվել, այդ թվում 30 մահվան դեպք։ Եթե խոսենք ըստ ռիսկի խմբերի, ապա քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում առավել արդյունավետ են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Այս խմբի շրջանում 69%–ով հոսպիտալացումներն է կանխում և 59%–ով՝ մահվան դեպքերը։ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում 30% -ով հոսպիտալացումներն են կանխվում և 35% -ով մահվան դեպքերը։ Երեխաների շրջանում 18%–ով հոսպիտալացումները, 4% մահվան դեպքերը»,–ասաց նա։

Սվետլանա Գրիգորյանը կոչ արեց սուր շնչառական վարակի դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ. «Անտիբիոտիկների կիրառումը սուր շնչառական վարակի, այդ թվում գրիպի դեպքում անարդյունավետ են և ցանկացած անտիբիոտիկի կիրառում պետք է իրականացվի բժշկի նշանակմամբ»։

Անդրադառնալով պատվաստանյութերի հակացուցումներին, նա ընդգծեց. «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հակացուցումները նույն են, ինչ որ ցանկացած պատվաստման դեպքում առկա հակացուցումները: Առաջինը, յուրաքանչյուր սուր հիվանդության դեպքում ժամանակավոր հակացուցում է մինչև ապաքինումը: Մյուս հակացուցումը նախորդ դեղաչափից ծանր ալերգաբանական ռեակցիան է, անաֆիլակսիան է։ Հաջորդ հակացուցումները խրոնիկ հիվանդությունների սրացումներն են, իսկ մյուս բոլոր դեպքերում պատվաստումները ցուցված են։

Պատվաստումը ցուցված է նաև հղիության ընթացքում և հղիները նաև ռիսկի խումբ են, ու հենց հղիները պատվաստվելով, այստեղ երկու նպատակ ենք հետապնդում՝ պաշտպանել ինչպես հղիին հղիության ընթացքում, նաև նորածնին մինչև վեց ամսական տարիքը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll