• Latest news▼

Արտաշնչվող օդի վերլուծությունը կարող է օգնել տարբերել թոքերի քաղցկեղային հանգույցները բարորակներից. հետազոտություն

25 սեպտեմբերի, 2026  16:58

Արտաշնչվող օդի ոչ ինվազիվ վերլուծությունը կարող է օգնել բժիշկներին որոշել՝ արդյոք թոքային հանգույցները չարորա՞կ են, թե՞ բարորակ։ Ավստրալացի գիտնականների իրականացրած հետազոտության համաձայն՝ այս մոտեցումը կարող է նպաստել թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշմանը և նվազեցնել ինվազիվ միջամտությունների անհրաժեշտությունը։

Հետազոտողները վերլուծել են արտաշնչվող օդը՝ օգտագործելով երկու փոխլրացնող մեթոդներ։ Առաջինը էլեկտրոնային քիթն է (eNose), որը բացահայտում է արտաշնչվող օդի բնորոշ քիմիական օրինաչափությունները։ Երկրորդը գազային քրոմատոգրաֆիան է՝ մասս-սպեկտրոմետրիայով (GC-MS), որը հայտնաբերում է որոշակի ցնդող օրգանական միացություններ։

Երկու մեթոդներն էլ զգալիորեն ավելի լավ են տարբերակել չարորակ և բարորակ թոքային հանգույցները, քան միայն ստանդարտ կլինիկական տվյալների վրա հիմնված մոդելները, հայտնել է Գրիֆիթի համալսարանի կենսաբժշկության և գլիկոմիկայի ինստիտուտի պրոֆեսոր և MedComm ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակ Չամինդի Պունյադիրան։

Ներկայում թոքերի հանգույցները գնահատելու համար օգտագործվում են ինվազիվ մեթոդներ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիայի ուղղորդմամբ բիոպսիան և բրոնխոսկոպիան։ Որոշ դեպքերում կասկածելի գոյացության բնույթը որոշելու համար կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն։ Հետազոտողների տվյալներով՝ ամեն տարի ամբողջ աշխարհում ախտորոշվում է թոքերի քաղցկեղի մոտ 2.5 միլիոն նոր դեպք։

Գրիֆիթի համալսարանից հետազոտության համահեղինակ Չժան Սին նշել է, որ թոքերի հանգույցների բիոպսիայի կատարումը կարող է տեխնիկապես դժվար լինել, հատկապես եթե գոյացությունները փոքր են կամ գտնվում են դժվար հասանելի տեղում: Միջամտությունը կարող է նաև հանգեցնել բարդությունների, այդ թվում պնևմոթորաքսի՝ պլևրալ խոռոչում օդի կուտակման, որը կարող է թոքերի կանգ առաջացնել:

Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծել են, որ արտաշնչվող օդի վերլուծությունը նախատեսված չէ բիոպսիան փոխարինելու համար: Այն կարող է օգնել բժիշկներին նույնականացնել այն պացիենտներին, որոնց մոտ հանգույցներն ավելի հավանական է, որ չարորակ լինեն, և առաջնահերթություն տալ ինվազիվ թեստավորմանը նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:

Գիտնականների կարծիքով՝ ոչ ինվազիվ թեստի ներառումը ստանդարտ կլինիկական պրակտիկայում կարող է նաև հետագայում նվազեցնել բարորակ հանգույցներ ունեցող պացիենտների համար ավելորդ ինվազիվ միջամտությունների քանակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll