• Latest news▼

Քրոնիկական ցավը կեսարյան հատումից հետո կարող է պահպանվել երկար տարիներ. հետազոտություն

25 սեպտեմբերի, 2026  19:03

Կեսարյան հատումից հետո հետվիրահատական քրոնիկական ​​ցավը կարող է երկար ժամանակ բացասաբար անդրադառնալ կանանց կյանքի որակի, առօրյա գործունեության, քնի և հուզական բարեկեցության վրա: Այսպիսի եզրահանգման են եկել հետազոտությունների նոր ուսումնասիրության հեղինակները, որը հրապարակվել է Anesthesia ամսագրում:

Համակարգված վերլուծությունը, որն անցկացվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցների և Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի հետազոտողների կողմից, ներառել է 30 հետազոտություն, որոնց մասնակցել է 28 295 կին22 երկրներից: Հետազոտողներն ուսումնասիրել են կեսարյան հատումից հետո առնվազն երեք ամիս շարունակվող ցավի ազդեցությունը կանանց կյանքի որակի և առօրյա գործունեության վրա:

Վերլուծությունը ցույց է տվել, որ հետվիրահատական քրոնիկական ​​ցավը կապված է առօրյա գործունեության խանգարումների (ներառյալ քայլելը և սովորական աշխատանք կատարելը), ինչպես նաև քնի, տրամադրության և հոգնածության հետ կապված խնդիրների հետ: Որոշ կանայք նաև ցավ են զգացել, որը սրվել է սեռական հարաբերության ժամանակ:

Գնահատականների համաձայն՝ հետվիրահատական ​​քրոնիկական ցավն առաջանում է կանանց մոտ 15-17 տոկոսի մոտ կեսարյան հատումից երեքից վեց ամիս անց: Բայց մինչ օրս չի եղել համապարփակ վերլուծություն կանանց առողջության և առօրյա կյանքի վրա դրա ավելի լայն ազդեցության վերաբերյալ:

Քանի որ տարբեր հետազոտություններում կյանքի որակը գնահատելու համար օգտագործվել են տարբեր սահմանումներ և մեթոդներ, հետազոտողները միավորել են իրենց արդյունքները՝ առանց որևէ ընդհանուր չափանիշ հաշվարկելու։

Ցավը խանգարում է առօրյա կյանքին, քնին և տրամադրությանը

Ծննդաբերությունից հետո առաջին երեք ամիսներին կանանց վրա ցավի ազդեցությունն ուսումնասիրող չորս հետազոտություններում, հետծննդյան քրոնիկական ցավ ունեցող մասնակիցների 55 տոկոսը նշել է, որ այն խանգարում է իրենց առօրյա գործունեությանը։ Ցավն ազդել է տրամադրության վրա՝ 54 տոկոսի, քայլելու վրա՝ 44, սովորական աշխատանքը կատարելու՝ 43, իսկ քնի վրա՝ 43 տոկոսի դեպքում։

Այս խնդիրները շարունակվել են հետագա գնահատումների ժամանակ։ Ծննդաբերությունից վեց ամիս անց կանանց 53 տոկոսը նշել է, որ ցավը բացասաբար է ազդել իրենց տրամադրության, 31 տոկոսը՝ քնի վրա։ 12 ամսվա ընթացքում կանանց 69 տոկոսը նշել է, որ ցավն ազդել է իրենց տրամադրության վրա, 53 տոկոսը՝ քնի խանգարումների մասին։

Ծանր հոգնածությունը նույնպես տարածված խնդիր է եղել։ Մեկ մեծ կոհորտային հետազոտության մեջ կանանց մոտավորապես երկու երրորդը նշել է ծանր հոգնածություն ինչպես ծննդաբերությունից վեց, այնպես էլ 12 ամիս անց, առանց որևէ էական բարելավման։

Ինը հետազոտություններ գնահատել են դեպրեսիվ ախտանիշները։ Ծննդաբերությունից հետո առաջին տարվա ընթացքում հետծննդյան դեպրեսիայի հաճախականությունը տատանվել է 7 տոկոսից մինչև 46 տոկոս: Մեկ լայնածավալ հետազոտություն ցույց է տվել, որ հետծննդյան քրոնիկական ցավ ունեցող կանայք մոտավորապես հինգ անգամ ավելի հավանական է, որ ծննդաբերությունից երեք և վեց ամիս անց ունենան զգալի դեպրեսիվ ախտանիշներ:

Ցավի հետևանքները կարող են շարունակվել առաջին տարվանից հետո։ Տարբեր հետազոտություններում քրոնիկական ցավ ունեցող կանանց 5-24 տոկոսը նշել է, որ սեռական հարաբերությունը սրել է իրենց ցավը։ Նույնիսկ ծննդաբերությունից երեք-չորս տարի անց այս խնդիրը շարունակվել է կանանց մոտավորապես 5-6 տոկոսի մոտ։

Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ հետվիրահատական քրոնիկական ​​ցավը պետք է դիտարկել ոչ միայն իր ինտենսիվության տեսանկյունից։ Կարևոր է նաև դրա ազդեցությունը ֆիզիկական ակտիվության, հոգեբանական բարեկեցության և առօրյա կյանքի վրա։

Հետազոտողները կարծում են, որ անհրաժեշտ է ավելի վաղ հայտնաբերել քրոնիկական ցավի բարձր ռիսկի ենթարկված կանանց և պարբերաբար գնահատել դրա ազդեցությունն առօրյա գործունեության և հոգեկան առողջության վրա։ Այս մոտեցումը կարող է օգնել բարելավել կանանց երկարատև վերականգնումը ծննդաբերությունից հետո։

Բացի այդ, երկարատև վերականգնումը, աշխատունակության նվազումը և բժիշկներին կրկնակի այցելությունները կարող են զգալի սոցիալ-տնտեսական բեռ ստեղծել քրոնիկական ցավից տառապող կանանց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll