Սոցիալական մեկուսացումը նշանակում է սահմանափակ շփումներ և մասնակցություն հասարակական կյանքին, մինչդեռ մենակությունը շրջակա աշխարհից կտրվածության սուբյեկտիվ զգացումն է: Թեև դրանք միևնույն երևույթը չեն, Nature Communications հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկու գործոնն էլ կապված են լավ առողջությամբ ապրած տարիների կրճատման հետ:
Միջինում մենակությունը և սոցիալական մեկուսացումը մարդկանցից առանց հիվանդությունների ապրելու մոտ վեց տարի են «խլում». նման եզրակացությանն են հանգել գիտնականները՝ վերլուծելով 40-69 տարեկան ավելի քան 270 հազար չափահասների տվյալներ:
«Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց տվեց, որ սոցիալական մեկուսացումն ու մենակությունը զգալիորեն կրճատում են հիվանդություններից զերծ ապրելու կանխատեսվող տևողությունը»,- ասել է աշխատության գլխավոր հեղինակ, Թուլեյնի համալսարանի պրոֆեսոր Լու Ցին:
Կապը հատկապես նկատելի էր առանց հոգեկան խանգարումների (դեպրեսիա և տագնապային վիճակներ) ապրած տարիների նկատմամբ և փոքր-ինչ թույլ՝ սոմատիկ հիվանդություններից զերծ ժամանակահատվածների դեպքում, ինչպիսին են 2-րդ տիպի շաքարային դիաբետը, սրտանոթային, խրոնիկական շնչառական և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ինչպես նաև քաղցկեղը, հաղորդում է Euronews-ը:
Լավ լուրն այն է, որ առողջ ապրելակերպն ունակ է մեղմելու սոցիալական մեկուսացման բացասական ազդեցությունը: Վատն այն է, որ այն, ըստ ամենայնի, մենակության զգացման հասցրած վնասը չի փոխհատուցում:
Մինչև 50 տարեկանը մարդիկ, որոնք իրենց մաշկի վրա զգացել են և՛ մենակությունը, և՛ սոցիալական մեկուսացումը, այս գործոններից որևէ մեկին չբախված մարդկանց համեմատ ավելի քիչ տարիներ էին անցկացնում առանց խոշոր խրոնիկական հիվանդությունների:
Տղամարդիկ և կանայք մենակությունն ու սոցիալական մեկուսացումը յուրովի են տանում, և դա արտացոլվում է նրանց առողջության վրա: Քանի որ կանանց մեծ մասի համար առաջնային են հուզական կապերը, նրանց հոգեկան առողջության խնդիրներն ավելի հաճախ են սերտորեն կապված լինում մենակության հետ, մինչդեռ տղամարդկանց շրջանում հոգեկան վիճակն ավելի ուժեղ է հարաբերակցվում սոցիալական մեկուսացման հետ:
Կանանց շրջանում մենակությունն ու սոցիալական մեկուսացումը նշանակել են ավելի վատ ֆիզիկական վիճակում անցկացված միջինում հանած 2,4 տարի, և հանած 3,7 տարի՝ հոգեկան առողջության տեսանկյունից ավելի վատ վիճակում, մինչդեռ տղամարդկանց համար դա արտահայտվել է ֆիզիկական հիվանդություններից զերծ կյանքի 1,7 տարվա և հոգեկան խանգարումներից զերծ կյանքի 5,8 տարվա կորստով:
Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի հաճախ էին միաժամանակ բախվում և՛ մենակությանը, և՛ սոցիալական մեկուսացմանը, ավելի հաճախ էին զգում սոցիալական, նյութական և տնտեսական ռեսուրսների պակաս և ավելի հազվադեպ էին առողջ ապրելակերպ պահպանում:
Հեղինակները նշում են, որ այդ գենդերային ճեղքվածքը կարող է բացատրվել նրանով, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ստանում աջակցություն ու հասնում հոգեբանական բարեկեցության. տղամարդիկ, որպես կանոն, ավելի շատ հենվում են ֆիզիկական ներկայության և հաճախակի սոցիալական շփումների, իսկ կանայք՝ հուզական աջակցության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում