✕

Կանաչ թեյի բաղադրիչը կարող է պաշտպանել ուղեղի բջիջները Ալցհեյմերի հիվանդության հետ կապված վնասումներից

27 սեպտեմբերի, 2026  22:43

Վաթեռլոոյի համալսարանի երեք ուսանող ուսումնասիրում են՝ արդյոք կանաչ թեյի բաղադրիչը կարո՞ղ է պաշտպանել նյարդային բջիջների թաղանթները (մեմբրանները) Ալցհեյմերի հիվանդության հետ կապված վնասումներից։ Հետազոտությունն անցկացվում է Զոյա Լեոնենկոյի լաբորատորիայում և նվիրված է նանոմասշտաբով տեղի ունեցող գործընթացներին, գրում է Medical Xpress-ը։

Շառլոտա Բաուրը, Հյու Հոսֆելդը և Իզաբելա Բարիչելոն ուսումնասիրում են էպիգալոկատեխին-3-գալատը (EGCG)՝ կանաչ թեյի մեջ պարունակվող բուսական հակաօքսիդանտը։ Գիտնականները ստուգում են՝ արդյոք այն ունա՞կ է խոչընդոտել բջջային թաղանթների վնասմանը բետա-ամիլոիդի կողմից, որը մի սպիտակուց է, ինչը կարևոր դեր է խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման գործում։

Հետազոտողներն օգտագործում են նեյրոնների թաղանթների մոդելներ և ուսումնասիրում դրանց էլեկտրաֆիզիոլոգիական հատկությունները, մասնավորապես՝ իոնների շարժը թաղանթի միջով։ Բետա-ամիլոիդի հետ փոխազդեցության ժամանակ նեյրոնային թաղանթում կարող են առաջանալ փոքր ծակոտկեն անցքեր, որոնց միջով սկսում են իոններ անցնել։ Դա խանգարում է բջջի բնականոն աշխատանքին և կարող է հանգեցնել դրա վնասմանը։

«Մենք հուսով ենք տեսնել թաղանթի միջով անցնող իոնների քանակի նվազում։ Եթե դրանք պակասում են, դա վկայում է այն մասին, որ EGCG-ն որոշակի պաշտպանություն է ապահովում»,- բացատրում է Հոսֆելդը։

Փորձարկումների ընթացքում Բաուրը և Հոսֆելդն իսկապես նկատել են թաղանթների թափանցելիության նվազում EGCG-ի ազդեցությունից հետո։ Սա կարող է մատնանշել միացության պաշտպանիչ ազդեցությունը, սակայն ստացված տվյալները դեռ բավարար չեն հիվանդության կանխարգելման կամ դրա բուժման մասին խոսելու համար։

Բարիչելոն ուսումնասիրում է նույն գործընթացը մեկ այլ տեսանկյունից։ Նա կիրառում է մակերևութային պլազմոնային ռեզոնանսի (SPR) մեթոդը, որը թույլ է տալիս ուսումնասիրել մոլեկուլների փոխազդեցությունը թաղանթի մակերևույթի հետ։ Մասնավորապես, գիտնականը ստուգում է, թե ինչպես է բետա-ամիլոիդն ամրանում թաղանթին, և կարո՞ղ է արդյոք EGCG-ն նվազեցնել կամ կանխել ամիլոիդի կուտակումը դրա մակերևույթին։

Ուսանողների աշխատանքը շարունակում է լաբորատորիայի նախորդ հետազոտությունները, որոնցում ուսումնասիրվել են պոտենցիալ պաշտպանիչ այլ միացություններ, այդ թվում՝ մելատոնինը և տրեհալոզը։

Գիտնականները հուսով են ավելի ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է թաղանթների վնասումը կապված Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ, և արդյոք դրա նվազումը կարո՞ղ է դանդաղեցնել ախտաբանական գործընթացը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում