Տղամարդկանց ամորձիներում «գոյության պայքարի» իսկական ասպարեզ է բացահայտվել. սպերմատոզոիդների նախանական մուտանտ բջիջները բազմանում են առողջների հաշվին, ինչի հետևանքով տարիքի հետ աճում է վտանգավոր մուտացիաների մասնաբաժինը։ Հետազոտությունը հրապարակվել է «Nature» ամսագրում։
Ուելքոմ Սենգերի ինստիտուտի գիտնականները վերլուծել են ավելի քան 35 հազար մուտացիա և առանձնացրել 40 գեն, որոնք բջիջներին բազմացման առավելություն են տալիս։ Ընդ որում, դրանցից 31-ը բացահայտվել են առաջին անգամ։ Մտահոգիչն այն է, որ նոր հայտնաբերված գեներից 27-ը կապված են ժառանգական հիվանդությունների, իսկ 16-ը՝ քաղցկեղածին գործընթացների հետ։ Մուտացիաները, որոնք նախկինում նկատվում էին զարգացման շեղումներ ունեցող երեխաների մոտ, սերմնահեղուկում հանդիպել են 66 անգամ ավելի հաճախ, քան կարող էր լինել պատահականության սկզբունքով։
Պատճառն այսպես կոչված «դրական ընտրությունն» է. որոշ մուտացիաներ ստիպում են բջիջներին ավելի ակտիվ բաժանվել, ինչի հետևանքով դրանք ժամանակի ընթացքում դուրս են մղում առողջներին։ Սրա պատճառով հիվանդածին մուտացիաներով սպերմատոզոիդների տեսակարար կշիռը տարիքի հետ գրեթե կրկնապատկվում է՝ 30 տարեկանում կազմելով մոտ 2%, իսկ 70 տարեկանում հասնելով մինչև 4,5%-ի։ Բնական ընտրության այս մեխանիզմը վտանգավոր մուտացիաների տարածվածությունն ավելացնում է ևս 2-3 անգամ։
Սա բացատրում է, թե ինչու է հոր տարիքի հետ մեծանում երեխաների մոտ որոշ գենետիկական շեղումների առաջացման ռիսկը։ Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները կարևոր վերապահում են անում. սպերմատոզոիդում մուտացիայի առկայությունը դեռևս չի երաշխավորում երեխայի հիվանդությունը, քանի որ հետագա փուլերում գործի են անցնում կենսաբանական բնական «ֆիլտրերն» ու ընտրությունը։ Այդուհանդերձ, աշխատանքն առաջին անգամ նման մանրամասնությամբ ցույց տվեց, որ տղամարդկանց սեռական բջիջները մշտական էվոլյուցիոն մրցակցության հարթակ են։
Հոր տարիքը վաղուց էր կապվում երեխաների մոտ աուտիզմի, շիզոֆրենիայի և մի շարք հազվադեպ հանդիպող համախտանիշների ռիսկի որոշակի բարձրացման հետ, և սերմնահեղուկում մուտացիաների կուտակումը համարվում էր դրա հիմնական պատճառը։ Նոր հետազոտությունը փաստում է, որ խնդիրը միայն սխալների կուտակումը չէ, այլ դրանց ակտիվ ընտրությունը։ Սա, ի դեպ, տագնապի պատճառ չէ, այլ կենսաբանական գործընթացները ճիշտ հասկանալու առիթ, քանի որ առանձին ընտանիքի համար բացարձակ ռիսկերը շարունակում են փոքր մնալ։ Նշենք, որ հետազոտությունը հրապարակվել էր դեռևս 2025 թվականին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում