✕

Ալցհայմերի հիվանդության APOE4 գենի վնասակար ազդեցությունն ուղեղի վրա կարող է վերականգնելի լինել. Cell

28 սեպտեմբերի, 2026  15:10

Ալցհայմերի հիվանդության ռիսկի APOE4 գենետիկ գործոնի թողած վնասակար ազդեցությունն ուղեղի արյան անոթների վրա կարող է վերականգնելի լինել: Նման եզրահանգման են եկել Նյու Յորքի «Մաունթ Սինայ» հիվանդանոցին կից Իկանի բժշկական դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell և Cell Stem Cell ամսագրերում։

Գիտնականները պարզել են, թե ինչպես է APOE4-ը վնասում ուղեղի մանր արյան անոթները։ Գենի այս տարբերակը կապված է Ալցհայմերի հիվանդության զարգացման բարձր ռիսկի հետ, սակայն երկար ժամանակ անհայտ էր, թե ինչպես է այն ազդում անոթային համակարգի վրա։

Հետազոտողները հայտնաբերել են, որ APOE4-ն ազդում է պերիցիտների՝ այն բջիջների վրա, որոնք շրջապատում են մանր անոթներն ու օգնում պահպանել դրանց բնականոն աշխատանքը։ Այս գենետիկ գործոնի ազդեցությամբ նշված բջիջները փոխում են իրենց հատկությունները և սկսում են սպիական հյուսվածք հիշեցնող զանգված ձևավորել։ Արդյունքում անոթների պատերը հաստանում են, իսկ դրանց աշխատանքը՝ խաթարվում։

Միևնույն ժամանակ, ուժեղանում է ամիլոիդի կուտակումը։ Դա անոմալ սպիտակուց է, որի առկայությունը խիստ բնորոշ է Ալցհայմերի հիվանդությանը։ Անոթային այս փոփոխությունները կարող են վատթարացնել նաև ուղեղի արյան մատակարարումն ու նպաստել նյարդային հյուսվածքի հետագա քայքայմանը։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները նկատել են, որ բջիջների վերականգնումն ու ակտիվությունը կարգավորող TGF-բետա սպիտակուցի արգելափակումը պաշտպանում է պերիցիտներն ախտաբանական փոփոխություններից։ Ավելին, այս մեթոդը թույլ է տվել վերականգնել APOE4-ի պատճառով արդեն իսկ վնասված անոթները:

«Ալցհայմերի ժամանակ անոթների վնասումը կարող է լինել ոչ միայն արդեն զարգացած հիվանդության հետևանք, այլև ակտիվ գործընթաց, որն ուղղակիորեն կապված է APOE4-ի հետ։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ այս փոփոխությունները հնարավոր է շտկել։ Դա կարող է օգնել նոր ուղիներ գտնել ուղեղի անոթները պաշտպանելու և ամիլոիդի կուտակումը սահմանափակելու համար»,- բացատրել են գիտնականները։

Այնուամենայնիվ, այս արդյունքները ստացվել են փորձարարական մոդելների հիման վրա։ Դեռևս լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում՝ հասկանալու համար, թե արդյոք այս մոտեցումը կարելի է կիրառել նաև մարդկանց բուժման նպատակով, թե ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում