✕

Նռան օգտագործումից հետո առաջացող միացությունը հետազոտության ժամանակ 80%-ով բարելավել է սրտի աշխատանքը

29 սեպտեմբերի, 2026  18:30

Բնական միացությունը, որն օրգանիզմում առաջանում է այնպիսի մթերքներ օգտագործելուց հետո, ինչպիսին են նուռը, ընկույզը և որոշ հատապտուղներ, փորձարարական մոդելներում մինչև 80%-ով բարելավել է սրտային անբավարարության դժվար բուժվող ձևի սրտի աշխատանքի ցուցանիշները։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները:

Խոսքն ուռոլիտին Ա-ի մասին է՝ միացության, որն օգնում է սրտի կոշտ հյուսվածքին ավելի արդյունավետ հանգստանալ, ինչպես նաև նվազեցնում է ֆիբրոզը և սահմանափակում սրտի ախտաբանական մեծացումը: Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ նյութը բարելավում է արհեստականորեն ստեղծված մարդու սրտի լարված հյուսվածքի թուլացումը:

Սրտային անբավարարության դժվար բուժվող ձևը

Ստացված արդյունքները, ամենայն  հավանականությամբ, կարևոր են Մեծ Բրիտանիայի՝ արտանետման պահպանված ֆրակցիայով սրտային անբավարարությունից (HFpEF) տառապող գրեթե կես միլիոն բնակիչների համար: Այդ վիճակում սիրտը պահպանում է արյունն արդյունավետորեն մղելու կարողությունը, սակայն դառնում է չափազանց կոշտ և կծկումների միջև ընկած ժամանակահատվածում չի կարողանում նորմալ թուլանալ: Արդյունքում՝ նրան ավելի դժվար է լցվել արյունով:

HFpEF-ին բաժին է ընկնում սրտային անբավարարության բոլոր դեպքերի մոտ կեսը: Հիվանդությունը կարող է առաջացնել շնչարգելություն, հոգնածություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության նվազած տանելիություն և կյանքի որակի վատթարացում:

Այս վիճակի բուժումը մնում է բարդ խնդիր, քանի որ դրա զարգացումը կարող է կապված լինել մի շարք գործոնների, ներառյալ ծերացման, բարձր զարկերակային ճնշման և շաքարային դիաբետի հետ: Քանի որ սրտի՝ արյուն մղելու կարողությունը մնում է հարաբերականորեն նորմալ, սակայն խանգարվում է նրա՝ թուլանալու և արյունով լցվելու կարողությունը, սրտային անբավարարության շատ ավանդական մեթոդներ դառնում են նվազ արդյունավետ: Հետևաբար, բժիշկները սովորաբար կենտրոնանում են ուղեկցող հիվանդությունների վերահսկման վրա և խորհուրդ են տալիս փոխել ապրելակերպը, ներառյալ քաշի նվազեցումը և արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը:

«Այս տիպի սրտային անբավարարությունը դառնում է ավելի ու ավելի տարածված՝ բնակչության ծերացման և ճարպակալման ու շաքարախտի աճին զուգընթաց: Չնայած հիվանդության ավելացող բեռին, բուժման հնարավորությունները դեռևս սահմանափակ են, քանի որ հիվանդությունը բարդ է և զգալիորեն տարբերվում է տարբեր բուժառուների շրջանում»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Լոնդոնի Թագավորական քոլեջի դոկտոր Ջոզեֆ Բուրգոյնը:

Ինչպես է ուռոլիտին Ա-ն ազդում սրտի վրա

Ուռոլիտին Ա-ն վերջին տարիներին գիտնականների շրջանում ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ առողջ ծերացման և միտոքոնդրիումների գործառույթի հետ ունեցած իր (այն գործընթացի, որի միջոցով բջիջներն էներգիա են արտադրում) կապի շնորհիվ:

Հետազոտողներն առաջին անգամ հայտնաբերել են, որ ուռոլիտին Ա-ն ակտիվացնում է PKGIα սպիտակուցը, որը կարևոր դեր է խաղում արյունատար անոթների աշխատանքի և սրտամկանի թուլացման գործում: Միացությունն ազդում է սպիտակուցի կազմի մեջ մտնող որոշակի ամինաթթվի վրա՝ ակտիվացնելով ազդանշանային ուղին, որը կապված է սրտանոթային համակարգի համար բարենպաստ հետևանքների հետ:

Կենդանիների վրա կատարված փորձերում ուռոլիտին Ա-ն բարելավել է սրտի աշխատանքի ցուցանիշները մինչև 80%-ով՝ համեմատած այն մոդելների հետ, որոնք չեն ստացել միացությունը: Լաբորատոր փորձերը միաժամանակ ցույց են տվել, որ այն բարձրացրել է սրտի հյուսվածքի՝ թուլանալու կարողությունը և նվազեցրել ֆիբրոզը՝ ախտաբանական սպիացումը, որը կարող է խանգարել սրտի բնականոն աշխատանքին:

Բացի դրանից, ուռոլիտին Ա-ն սահմանափակել է սրտամկանային բջիջների մեծացումը՝ օգնելով նրանց պահպանել ավելի նորմալ գործառույթ:

Արդյունքներն արհեստականորեն ստեղծված մարդու սրտի հյուսվածքի վրա

Այնուհետև գիտնականները փորձարկել են ուռոլիտին Ա-ն մարդու ցողունային բջիջներից ստացված արհեստականորեն ստեղծված մարդու սրտի հյուսվածքի վրա: Այդ ժամանակակից լաբորատոր մոդելը մեծ մասամբ նմանակում է մարդու սրտամկանի կառուցվածքն ու գործառույթը։

Միացությունը զգալիորեն բարելավել է հյուսվածքի թուլացումը։ Դա ստիպում է ենթադրել, որ կենդanիների վրա կատարված փորձերում նկատված ազդեցությունները հնարավորինս կարող են դրսևորվել նաև մարդու սրտի աշխատանքում:

Ի տարբերություն շատ այլ միացությունների, որոնք այժմ ուսումնասիրվում են որպես փորձարարական բուժման մեթոդներ, ուռոլիտին Ա-ն արդեն հետազոտվել է մարդկանց մասնակցությամբ և անվտանգության բարենպաստ պրոֆիլ ցուցադրել:

Այդուհանդերձ, նախքան արդյունքները հնարավոր կլինի օգտագործել բուժառուների ապաքինման մեթոդների մշակման համար, լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն: Աշխատանքը միաժամանակ մատնանշում է պոտենցիալ նոր թերապևտիկ թիրախ և բնական միացություն, որը կարող է օգնել լուծել սրտանոթային բժշկության ոլորտում առկա կարևոր չլուծված խնդիրը:

Պոտենցիալ նոր թերապևտիկ թիրախ

«Մեր արդյունքները մատնանշում են բոլորովին նոր թերապևտիկ թիրախ և ցույց տալիս, որ ուռոլիտին Ա-ն ունակ է ակտիվացնել այս ուղին՝ բարելավելով սրտի թուլացումը և նվազեցնելով հիվանդության ծանրությունը»,- ասում է Բուրգոյները: Նրա գնահատմամբ՝ դա հնարավորություն է բացում մշակելու նոր բուժական մեթոդներ, որոնք ունակ են բարելավելու կլինիկական արդյունքները և այդ հիվանդությունից տառապող մարդկանց կյանքի որակը։

Ընդ որում՝ գիտնականն ընդգծել է, որ առայժմ բավարար տվյալներ չկան նուռն օգտագործելը որպես սրտային անբավարարության բուժման միջոց խորհուրդ տալու համար: Ընդսմին, արդյունքները ստիպում են ենթադրել, որ սննդային մոտեցումները, որոնք նպաստում են օրգանիզմում ուռոլիտին Ա-ի արտադրության ավելացմանը, պոտենցիալ կարող են մեղմել հիվանդության ընթացքը:

Սրտի բրիտանական հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն, պրոֆեսոր Ջեյմս Լայպերը նշել է, որ հետազոտության վաղ փուլի արդյունքները մատնանշում են ուռոլիտին Ա-ի հնարավոր կարողությունը՝ բարելավելու սրտի հյուսվածքի թուլացումն ու դրա լցվելը արյունով կծկումների միջև ընկած ժամանակահատվածում՝ միաժամանակ նվազեցնելով HFpEF-ին բնորոշ սրտի մկանի ախտաբանական փոփոխությունները:

Նա ընդգծել է, որ մինչ օրս դրական ազդեցություն է նկատվել միայն կենդանիների և արհեստականորեն ստեղծված մարդու հյուսվածքի վրա կատարված փորձերում: Հետևաբար, բուժառուների մոտ մոտեցման արդյունավետությունը որոշելու համար մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներ կպահանջվեն:

Գիտնականները նշում են նաև, որ առողջ և հավասարակշռված սնունդը մնում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կարևորագույն մասը: Թեև մեծ քանակությամբ բանջարեղենի և մրգերի օգտագործումը կապված է սրտի առողջության բարելավման հետ, ոչ մի առանձին մթերք ի վիճակի չէ ինքնուրույն կանխել կամ բուժել սրտային հիվանդությունը:

Հետազոտությունը հրապարակվել է Science Advances բժշկագիտական հանդեսում և ֆինանսավորել է Սրտի բրիտանական հիմնադրամը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում