Սուրճի և աղիների փոխազդեցությունը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ․ դրա որոշ բաղադրիչներ արագ են յուրացվում օրգանիզմում, մինչդեռ մյուսները հասնում են հաստ աղի և սնունդ դառնում աղիքային բակտերիաների համար։ Նման եզրահանգման են եկել նոր ուսումնասիրության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են «Metabolites» ամսագրում։
Սուրճն աշխարհում ամենատարածված ըմպելիքներից է և պոլիֆենոլների ու կոֆեինի կարևոր աղբյուր։ Դիտողական հետազոտությունները սուրճի կանոնավոր օգտագործումը կապում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի ցածր ռիսկի և լյարդի աշխատանքի մի շարք դրական ցուցանիշների հետ։ Այնուամենայնիվ, նման հետազոտությունները թույլ չեն տալիս հստակեցնել, թե ինչ դեր է խաղում աղիքային միկրոբիոտան այդ գործընթացում։
Հետազոտողները վերլուծել են, թե ինչ է տեղի ունենում սուրճի հիմնական բաղադրիչների հետ օգտագործումից հետո, և ինչպես են դրանք փոխազդում աղիների միկրոօրգանիզմների հետ։
Կոֆեինն արագորեն ներծծվում է մարսողական համակարգի վերին հատվածներում, ապա լյարդում վերածվում պարաքսանտինի, թեոբրոմինի և թեոֆիլինի։ Ի տարբերություն կոֆեինի՝ սուրճի մյուս նյութերի զգալի մասը չի հասցնում ներծծվել բարակ աղիում։
Մասնավորապես, դա վերաբերում է քլորոգենաթթուներին՝ սուրճի պոլիֆենոլների հիմնական խմբերից մեկին։ Դրանք հասնում են հաստ աղի, որտեղ ենթարկվում են բակտերիաների ազդեցությանը։ Որոշ միկրոօրգանիզմներ դրանք ճեղքում են՝ վերածելով ավելի պարզ ֆենոլային թթուների, որոնց մի մասն այնուհետև ներծծվում է ու անցնում արյան մեջ։
Ամբողջությամբ չեն մարսվում նաև սուրճի հատիկների որոշ պոլիսախարիդներ։ Աղիքային բակտերիաները ունակ են խմորել դրանք՝ առաջացնելով կարճ շղթայով ճարպաթթուներ, այդ թվում՝ ացետատ, պրոպիոնատ և բուտիրատ։ Այս միացությունները մասնակցում են նյութափոխանակության և իմունային գործընթացների կարգավորմանը։
Սուրճի բովումն ու պատրաստման եղանակն անմիջականորեն ազդում են ըմպելիքի բաղադրության վրա։ Ջրի ջերմաստիճանը, թրմման տևողությունը, ճնշումը, աղացածության աստիճանն ու քամումը որոշում են, թե որ նյութերը կհայտնվեն բաժակում և դրանցից որոնք կհասնեն աղիներ։ Այդ պատճառով էսպրեսոն, կաթիլային կոֆեվարով, ֆրենչ-պրեսով պատրաստված, լուծվող և սառը սուրճերը կարող են տարբերվել միկրոբիոտային հասանելի միացությունների քանակով։
Միևնույն ժամանակ, գիտնականները փաստեր չեն գտել առ այն, թե պատրաստման որևէ եղանակ ապահովում է լավագույն արդյունքը միկրոբիոտայի կամ նյութափոխանակության համար։ Փոխարենը, քամման վերաբերյալ կա առանձին, ավելի հաստատուն դիտարկում․ թղթե ֆիլտրերը կլանում են կաֆեստոլն ու կախվեոլը՝ չքամված սուրճի մեջ պարունակվող նյութեր, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինի մակարդակը։
Հետազոտողները դիտարկում են նաև սուրճի հնարավոր կապը «աղիներ-լյարդ» առանցքի հետ։ Բակտերիաների կենսագործունեության արգասիքները կարող են ազդել լեղաթթուների փոխանակության վրա, իսկ դրանք իրենց հերթին մասնակցում են նյութափոխանակության և իմունային պատասխանների կարգավորմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում