• Latest news▼

Արյան կաթիլ և 10 րոպե. գիտնականները ստեղծել են արագ թեստ՝ ուղեղի կաթվածով բուժառուների համար նախատեսված դեղամիջոցների վերաբերյալ

29 սեպտեմբերի, 2026  22:54

Դանիայի Աորհուսի համալսարանի գիտնականները դյուրակիր համակարգ են մշակել, որն ընդունակ է 10 րոպեից պակաս ժամանակում որոշել դեղամիջոցի կոնցենտրացիան անմիջապես արյան նմուշում: Տեխնոլոգիան կարող է հատկապես օգտակար լինել ուղեղի կաթվածի բուժման ժամանակ, երբ բժիշկներին անհրաժեշտ է արագ պարզել, թե արդյոք բուժառուն ընդունո՞ւմ է հակամակարդիչներ՝ արյունը նոսրացնող դեղամիջոցներ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Sensors հանդեսում: Մշակումն արդեն փորձարկվել է 52 բուժառուի արյան նմուշների վրա:

Ուղեղի կաթվածի՝ ինսուլտի որոշ տեսակների դեպքում բժիշկներին անհրաժեշտ է հնարավորինս արագ վերականգնել արյան հոսքը, ներառյալ՝ թրոմբը լուծող դեղամիջոցների միջոցով: Այդուհանդերձ, նման բուժումը կարող է վտանգավոր լինել այն բուժառուների համար, որոնց արյունը պարունակում է որոշակի հակամակարդիչների բարձր կոնցենտրացիա. մեծանում է ուղեղում ծանր արյունազեղման վտանգը:

Այսօր դեղի կոնցենտրացիան ճշգրիտ որոշելու համար արյան նմուշը սովորաբար ուղարկում են լաբորատորիա: Նույնիսկ հրատապ հետազոտության դեպքում արդյունքի ստացումը կարող է տևել մինչև մեկ ժամ: Նոր համակարգը հնարավորություն է տալիս հետազոտությունն անցկացնելու անմիջապես փոքրիկ սարքի ներսում:

Հետազոտության համար բավական է չմշակված արյունը քսել միանգամյա օգտագործման հարմարանքի ներսի հատուկ չիպի վրա: Ներկառուցված զտիչն արյան բջիջներն առանձնացնում է պլազմայից, ինչից հետո հարմարանքի ներսի ռեակտիվները մտնում են ռեակցիայի մեջ որոշակի դեղորայքային նյութի հետ: Օպտիկական համակարգը գրանցում է առաջացող ազդանշանը և ավտոմատ կերպով հաշվարկում դեղամիջոցի կոնցենտրացիան: Ցենտրիֆուգում և լաբորատոր նախապատրաստման այլ ձեռքի քայլեր չեն պահանջվում:

Մշակումը հիմնված է քիմիկոս Կուրտ Վեստերագեր Հոտհելֆի խմբի կողմից ստեղծված կենսաքիմիական անալիզի մեթոդի վրա: Հետազոտողներն օգտագործել են դեղերի որոշակի մոլեկուլներ ճանաչելու ընդունակ հատուկ հակամարմիններ և օպտիկական ազդանշան, որն առաջանում է դրանց հայտնաբերման ժամանակ:

Առայժմ տեխնոլոգիան ստուգվել է երեք հակակոագուլյացիաների՝ դաբիգատրանի, ռիվարոքսաբանի և ապիքսաբանի վրա: Բացի այդ, դրա օգնությամբ հաջողվել է չափել մեթոտրեքսատի (կիրառվում է քաղցկեղի որոշ տեսակների բուժման ժամանակ) և լինեզոլիդ հակաբիոտիկի կոնցենտրացիաները: Ստացված արդյունքները համապատասխանել են այն տվյալներին, որոնք տալիս են ավանդական լաբորատոր սարքերը:

Հեղինակները նշում են, որ նման համակարգը կարող է օգտակար լինել ոչ միայն շտապ բժշկության մեջ: Նույն դեղամիջոցի կոնցենտրացիան արյան մեջ կարող է զգալիորեն տարբերվել տարբեր մարդկանց դեպքում՝ դրա ներծծման և նյութափոխանակության առանձնահատկությունների պատճառով: Հետևաբար, հեռանկարում նման սարքերը կարող են օգտագործվել դեղամիջոցների դեղաչափերի անհատական ընտրության համար:

Հետազոտողները դիտարկում են նաև խոշոր բուժառուանոցներից դուրս տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունը: Անալիզատորն ինքը կարող է արժենալ մոտ 30–50 հազար դանիական կրոն, ինչը զգալիորեն քիչ է խոշոր լաբորատոր համակարգերի արժեքից: Սա տեսականորեն հնարավորություն կտա նման սարքեր տեղադրելու փոքր բժշկական հաստատություններում, որտեղ լիարժեք լաբորատորիան անհասանելի է:

Մշակմամբ զբաղվում է MedicQuant ընկերությունը, որը հետազոտողները ստեղծել են 2019 թվականին: Այժմ տեխնոլոգիան հետագա մշակման և գործնական կիրառման նախապատրաստման փուլում է: Ստեղծողների գնահատմամբ՝ շուկա դուրս գալու համար կարող է պահանջվել ևս շուրջ երեք տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll