• Latest news▼

Ծամվող ծխախոտը 2023թ. սպանել է 251 հազար մարդու. մահերի 84 տոկոսը բաժին է ընկել Հարավային Ասիային

2 հոկտեմբերի, 2026  08:45

Ծամվող ծխախոտը 2023 թվականին աշխարհում մոտ 251 հազար մահվան պատճառ է դարձել, որոնց մոտ 84 տոկոսը բաժին է ընկել Հարավային Ասիային: Այս տվյալները ստացվել են Առողջության ցուցանիշների և գնահատման ինստիտուտի (IHME) հետազոտողների կողմից՝ 1990-2023 թվականներին 204 երկրներում և տարածքներում ստեղծված իրավիճակը վերլուծելուց հետո: Արդյունքները հրապարակվել են The Lancet Global Health-ում:

Հետազոտողների տվյալներով՝ 2023 թվականին 15 տարեկանից բարձր մոտ 241 միլիոն մարդ օգտագործել է ծամվող ծխախոտ՝ այս տարիքային խմբի բնակչության 3.9 տոկոսը: Տղամարդիկ կրկնակի ավելի շատ են ծամվող ծխախոտ օգտագործել, քան կանայք: Միևնույն ժամանակ, 1990-2023 թվականներին ոչ մի երկրում այն օգտագործողների թվի զգալի անկում չի գրանցվել, իսկ 24 երկրներում այդ թիվն աճել է:

Հարավային Ասիան մնում է ծամվող ծխախոտի օգտագործման գլխավոր կենտրոնը. տարածաշրջանումի 15 տարեկանից բարձր բնակչության 14.6 տոկոսն օգտագործել է այն: Այստեղ գրանցվել է մոտ 210 հազար մահվան դեպք:

Հետազոտողները ծխախոտի օգտագործումը կապում են հիմնականում կաթվածների և քաղցկեղի մի քանի տեսակների հետ։ Կաթվածը կազմել է առողջության ընդհանուր վնասի ամենամեծ մասը, իսկ ուռուցքաբանական հիվանդությունների շարքում հատկապես նշանակալի է եղել շրթունքների և բերանի խոռոչի քաղցկեղը։

2023 թվականին ծխախոտի պատճառով կորցրած առողջ կյանքի տարիների ընդհանուր թիվը կազմել է 6.48 միլիոն՝ 116 տոկոսով ավելի, քան 1990 թվականին։ Այս կորստի մեծ մասը պայմանավորված է վաղաժամ մահով։

Հետազոտության հեղինակները նշել են, որ ծամվող ծխախոտի օգտագործումը հաճախ ավելի քիչ է ուշադրության արժանանում, քան ծխելը։ Նրանց կարծիքով՝ դրա օգտագործման դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրների, տարիքային խմբերի և սեռերի միջև եղած տարբերությունները, ինչպես նաև մշակութային և սոցիալական գործոնները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll