✕

Աշխարհում կյանքի տևողությունը գրեթե հասել է մինչհամավարակային մակարդակին. ԱՀԿ

3 հոկտեմբերի, 2026  12:43

Աշխարհում կյանքի միջին տևողությունը գրեթե վերադարձել է COVID-19 համավարակին նախորդած մակարդակին, սակայն առողջ կյանքի ակնկալվող տևողության ցուցանիշն ավելի դանդաղ է վերականգնվում։ Այս մասին հայտնում է Medical Xpress-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենամյա՝ Global Health Estimates զեկույցը։

2023 թվականին աշխարհում կյանքի միջին տևողությունը կազմել է 73,3 տարի՝ մինչ համավարակը՝ 2019-ին գրանցված 73,4 տարվա դիմաց։ Նշենք, որ 2021 թվականին այս ցուցանիշը նվազել էր մինչև 71,5 տարի։

«Կյանքի տևողության երկարացումը հանրային առողջապահության մեծագույն ձեռքբերումներից է»,- ընդգծել է ԱՀԿ-ի տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Ալեն Լաբրիկը։ Նրա խոսքով՝ այժմ գլխավոր խնդիրն այն է, որպեսզի մարդիկ այդ հավելյալ տարիներն ապրեն առողջ, իսկ առողջապահական համակարգերն էլ հարմարվեն բնակչության փոփոխվող կարիքներին։

Ինչ վերաբերում է առողջ կյանքի ակնկալվող տևողությանը, ապա 2023-ին այն կազմել է 62,8 տարի՝ 0,4 տարով զիջելով նախահամավարակային ցուցանիշը։ Ընդ որում, համավարակից հետո զգալիորեն աճել են տագնապային խանգարումների և դեպրեսիայի հետ կապված առողջական խնդիրները, իսկ դեմենցիայից մահացության դեպքերը եռապատկվել են։

ԱՀԿ տվյալներով՝ 2023 թվականին աշխարհում մահացել է շուրջ 61 միլիոն մարդ, որից 33 միլիոնի կյանքն ընդհատվել է մահվան տասը հիմնական պատճառներից մեկի հետևանքով։ Այդ տասը գլխավոր պատճառներից ութը ոչ վարակիչ հիվանդություններ են, որոնց այժմ բաժին է ընկնում բոլոր մահերի 74%-ը (համեմատության համար՝ 2000 թվականին այդ ցուցանիշը 58% էր)։

Մահվան գլխավոր պատճառը շարունակում է մնալ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ կազմելով մահվան բոլոր դեպքերի շուրջ 16%-ը։ Եթե 2000 թվականին այս հիվանդությունից մահացել էր 3 միլիոն մարդ, ապա 2023-ին այդ թիվը հասել է 9,5 միլիոնի։

Երկրորդ և երրորդ տեղերում են կաթվածն (ինսուլտ) ու թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը՝ համապատասխանաբար մոտ 11% և 6% ցուցանիշներով։ Չորրորդ հորիզոնականում ստորին շնչուղիների վարակներն են, իսկ հինգերորդում՝ Ալցհեյմերի հիվանդությունն ու դեմենցիայի այլ տեսակները, որոնք 2023-ին մոտ 2,1 միլիոն մարդու կյանք են խլել։

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ COVID-19-ը դուրս է եկել մահացության հիմնական պատճառների տասնյակից։ Դրա հետ անմիջականորեն կապված մահերի թիվը 2021-ի 9,4 միլիոնից նվազել է մինչև մոտ 900 հազար՝ 2023 թվականին՝ հայտնվելով 14-րդ հորիզոնականում։

Շարունակում է նվազել նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացությունը. 2020 թվականից ի վեր այն կրճատվել է 62%-ով։ 2023 թվականին աշխարհում մահվան պատճառների շարքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը զբաղեցնում էր 22-րդ տեղը՝ 2000 թվականի 7-րդ տեղի փոխարեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում