✕

ԱՄՆ-ում դեռահասների շրջանում ինքնասպանության մասին մտքերը կտրուկ ավելացել են շուրջ 20 տարվա անկումից հետո․ հետազոտություն

3 հոկտեմբերի, 2026  17:38

Հետազոտողները պարզել են, որ 2009-2010 թվականներին ամերիկացի դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնում է Medical Xpress-ը։

Գրեթե քսան տարի նվազելուց հետո՝ նորից սկսել են աճել ինքնասպանության մասին մտքերն ու փորձերը։ Շատացել են նաև այն դեռահասները, որոնք տևական ժամանակ տխուր կամ հուսահատ են եղել։ Այս մասին նշվում է Սան Դիեգոյում կայացած Ամերիկյան մանկաբույժների ակադեմիայի համաժողովին ներկայացված հետազոտության մեջ։

Գիտնականներն ուսումնասիրել են ամերիկյան դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների տվյալները (YRBSS ազգային համակարգից)՝ 1991-ից 2021 թվականների համար։ Վիճակագրության միջոցով նրանք փորձել են գտնել այն կոնկրետ պահերը, երբ երկարաժամկետ միտումները կտրուկ փոխվել են։

1991-2009 թվականներին ինքնասպանության մտքեր ունեցող դեռահասների թիվը նկատելիորեն նվազել է, բայց 2009-ից հետո սկսել է աճել տարեկան մոտ 3,7%-ով։ Նույն ժամանակահատվածից հետո շատացել են նաև ինքնասպանության փորձերը։ Տևական տխրության կամ հուսահատության ցուցանիշը ևս սկսել է բարձրանալ 2009-ից, իսկ 2017-ից հետո այդ աճն ավելի է արագացել։

Միաժամանակ գիտնականները նկատել են վիճակի վատացում նաև այլ հարցերում։ Քնի պակասը սկսել է աճել 2013-ից, իսկ ճարպակալումը՝ 2011-ից։ Ինչ վերաբերում է դպրոցական առաջադիմությանը, այն աստիճանաբար ընկել է 2001-ից 2019 թվականներին։

Ուսումնասիրության հեղինակներն ընդգծում են հատկապես այն, որ միանգամից մի քանի խնդիրներ սրվել են գրեթե նույն ժամանակաշրջանում։ Ըստ նրանց՝ դա վկայում է ոչ թե առանձին պատահականությունների, այլ հասարակական ու շրջակա միջավայրի ավելի լայն փոփոխությունների ազդեցության մասին։

Հնարավոր պատճառների թվում նշվում են թվային տեխնոլոգիաների ու սոցցանցերի արագ տարածումը, 2008 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքները, ուսումնական ծանրաբեռնվածության և բուժօգնության հասանելիության փոփոխությունները։ Սակայն այս հետազոտությունը դեռ հստակ չի ապացուցում, որ հենց դրանք են հոգեկան առողջության վատացման բուն պատճառը։

«Ամենաանսպասելին պարզապես հոգեկան վիճակի վատացումը չէր, այլ այն, որ բոլոր ցուցանիշները փոխվեցին գրեթե նույն ժամանակ»,- նշել է հետազոտության հեղինակ, Նյու Յորք նահանգի ավագ դպրոցի աշակերտուհի Նիյատի Շարման։

Հետազոտողները կարծում են, որ այս կտրուկ վատացման կոնկրետ ժամանակահատվածը գտնելը կօգնի ապագայում ավելի լավ հասկանալ դեռահասների ճգնաժամի պատճառները և մշակել կանխարգելման ավելի հասցեական միջոցներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում