✕

AJRCCM. Տանը էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը կարող է մեծացնել երեխաների մոտ ասթմայի սրացման վտանգը

4 հոկտեմբերի, 2026  22:48

Տնային պայմաններում էլեկտրոնային ծխախոտի պասիվ ազդեցությունը կապված է երեխաների մոտ ասթմայի ավելի հաճախակի սրացումների հետ. ցույց է տվել Սան Դիեգոյում Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի համաժողովում ներկայացված հետազոտությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են ախտորոշված ասթմայով 1 տարեկանից բարձր երեխաների մանկաբուժական կլինիկաներ ավելի քան 48 հազար այցելությունների տվյալներ: Դիտարկումներն ընդգրկել են 33 ամիս՝ 2023 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի մարտը: Ծնողները հայտնել են, թե արդյոք տանը ծխում են սովորական ծխախոտ կամ օգտագործում են էլեկտրոնային սարքեր:

Դեպքերի 5%-ում տանը միաժամանակ օգտագործել են ծխախոտային արտադրանք և էլեկտրոնային ծխախոտ, 9%-ում՝ միայն սովորական ծխախոտ, ևս 3%-ում՝ միայն էլեկտրոնային: Ասթմայի վատ վերահսկման հետ ամենաարտահայտված կապը նկատվել է այն երեխաների մոտ, որոնք ենթարկվել են նիկոտինային արտադրանքի երկու տեսակների ազդեցությանն էլ: Նրանց մոտ ավելի հաճախ են նկատվել սրացումներ, գիշերային և ֆիզիկական ակտիվության հետ կապված ախտանիշներ, մեծացել է շտապօգնության ինհալատորների պահանջարկը, և ավելի հաճախ է պահանջվել հոսպիտալացում:

Սակայն նույնիսկ միայն էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը կապված է եղել ասթմայի ավելի հաճախակի նոպաների և ֆիզիկական ակտիվության ընթացքում ախտանիշների ի հայտ գալու հետ: Այլ գործոններ հաշվի առնելուց հետո՝ նման տներում ապրող երեխաների մոտ ասթմայի սրացման հավանականությունը եղել է մոտավորապես 30%-ով ավելի բարձր, իսկ ֆիզիկական ակտիվության ժամանակ ախտանիշների հավանականությունը՝ մոտավորապես 40%-ով բարձր:

Հետազոտության գլխավոր հեղինակ Բրայան Ջենսենի կարծիքով, շատ ծնողներ էլեկտրոնային ծխախոտը համարում են սովորական ծխախոտի ավելի անվտանգ այլընտրանք: Սակայն ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ասթմայով երեխաների համար նման ենթադրությունը կարող է սխալ լինել:

Հեղինակները շեշտում են, որ ծխախոտ կամ նիկոտին օգտագործող ծնողները պետք է ձգտեն ամբողջությամբ հրաժարվել այդ արտադրանքներից: Որպես ծխելուց հրաժարվելու մեթոդներ Ջենսենը նշել է վարենիկլին պարունակող դեղամիջոցները, նիկոտինը փոխարինող թերապիան և խորհրդատվությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում