ԱՄՆ Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, թե ինչու են տարիքի հետ օրգանիզմում «զոմբի-բջիջներ» կուտակվում։ Այդ բջիջները կենդանի, սակայն նորմալ գործելուց դադարած կառույցներ են, որոնք քրոնիկ բորբոքումներ են առաջացնում։ Պարզվել է, որ հիմնական պատճառը բջջային վերամշակման գործընթացի՝ շապերոն-միջնորդավորված աուտոֆագիայի (CMA) մարումն է, ինչը խանգարում է իմունային համակարգին մաքրել հյուսվածքները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Aging ամսագրում։
CMA գործընթացն օգտագործում է հատուկ «շապերոն»-մոլեկուլներ, որոնք պատասխանատու են վնասված սպիտակուցների հեռացման համար: Տարիքի հետ այս մեխանիզմի ակտիվությունը նվազում է: Մկների վրա կատարված փորձարկումների ընթացքում պրոֆեսոր Անա Մարիա Կուերվոյի գլխավորած կենսաբանները հայտնաբերել են, որ ծեր կենդանիների մոտ CMA-ի խափանումն ազդում է ոչ միայն «զոմբի-բջիջների», այլև մակրոֆագերի՝ դրանք ոչնչացնելու պարտավորություն ունեցող իմունային բջիջների վրա: Վերամշակման խանգարման պատճառով զոմբի-բջիջների ներսում կուտակվում են թունավոր նյութեր, որոնք արտահոսում են դուրս, վարակում հարևան առողջ բջիջներին և մակրոֆագերին «կույր» դարձնում սպառնալիքի նկատմամբ:
Խնդիրը լուծելու համար հետազոտողները կիրառել են նախկինում մշակված CA77.1 միացությունը, որը խթանում է բջջային վերամշակման մեխանիզմի աշխատանքը: Ծեր կրծողների կողմից դեղամիջոցի ամենօրյա ընդունման հինգ ամիսը բավարար է եղել օրգաններում արատավոր բջիջների կուտակումը զգալիորեն նվազեցնելու, գնաև բորբոքման ու ֆիբրոզի նշանները կրճատելու համար: Բուժումը մակրոֆագերին վերադարձրել է վնասված տարրերը կլանելու ունակությունը՝ հասցնելով այն երիտասարդ կենդանիների մակարդակին: Գիտնականները միացությունը հաջողությամբ փորձարկել են նաև իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի՝ թոքերը սպիացնող մահացու հիվանդության մոդելի վրա:
«Մեր հետազոտությունն առաջին անգամ ցույց է տալիս, թե ինչպես է ծերացման երկու գործոնների փոխազդեցությունը թույլ տալիս «զոմբի-բջիջներին» ճողոպրել իմունային համակարգից: Դրանք սպանելու փորձերի փոխարեն՝ մենք կարող ենք վերականգնել իմունիտետի հետ կապը, որպեսզի մարմինը մաքրվի բնական ճանապարհով», — նշել է դոկտոր Կուերվոն:
Մինչ այժմ ծերացող բջիջների դեմ պայքարի համար գիտնականները մշակում էին սենոլիտիկներ՝ դրանք նպատակայինորեն ոչնչացնող դեղամիջոցներ են: Սակայն լաբորատորիայում երիտասարդ բջիջների վրա նման դեղերի փորձարկումը չի արտացոլում ծերացող օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը: Արատավոր բջիջները միշտ չէ, որ վնասակար են․ վերքերի ապաքինման ժամանակ դրանք արտազատում են նյութեր, որոնք այլ տարրեր են գրավում հյուսվածքները վերականգնելու համար: Երիտասարդ տարիքում իմունիտետը առաջադրանքը կատարելուց հետո արագ հեռացնում է դրանք, սակայն տարիքի հետ այս մեխանիզմը խափանվում է՝ հրահրելով նյարդադեգեներատիվ և անոթային հիվանդությունների զարգացումը: Նոր հայտնագործությունը հույս է տալիս ստեղծել անվտանգ թերապիա, որը կօգնի օրգանիզմին ինքնուրույն ազատվել բջջային աղբից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում