✕

Երեխայի կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում շաքարի ազդեցությունը չափահաս տարիքում մեծացնում է տագնապայնության ռիսկը

6 հոկտեմբերի, 2026  21:39

Կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում՝ բեղմնավորման պահից մինչև մոտավորապես երկուս ու կես տարեկանը, շաքարի ազդեցությունը կարող է երկարատև հետք թողնել հոգեկան առողջության վրա և տարիներ անց մեծացնել տագնապայնության զարգացման ռիսկը, ասվում է նոր հետազոտությունում:

Վաղ մանկության շրջանում շաքարի սպառման սահմանափակումը կարող է նպաստել քաղցր սննդի հանդեպ նախապատվությունների տարբերությունների, այլ հոգեբուժական և հոգեկան արդյունքների, ինչպես նաև ուղեղի կառուցվածքային տարբերությունների:

«Հասկանալը, թե շաքարն ինչպիսի լիակատար ազդեցություն է ունենում մեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ամբողջ կյանքի ընթացքում, կարող է օգնել ձևավորել հանրային առողջապահության քաղաքականությունը և փոխել մեր սննդակարգը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Հանա Նավրատիլովան:

Սյուրեյի համալսարանի հետազոտողները վերլուծել են 1951-1956 թվականներին ծնված ավելի քան 45 հազար մարդու բժշկական տվյալներ. այս ժամանակահատվածն ընդգրկում է Մեծ Բրիտանիայում շաքարի հետպատերազմյան նորմավորման և սահմանափակումների չեղարկման տարիները, հաղորդում է Euronews-ը։

Մեծ Բրիտանիան պատերազմի ժամանակ և հետպատերազմյան տարիներին՝ 1940-ից մինչև 1953 թվականը, կիրառել է շաքարի նորմաներ՝ չափահասների համար դրա սպառումը սահմանափակելով օրական մոտավորապես 40 գրամով:

Translational Psychiatry բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունում համեմատվել են մասնակիցներ, որոնք վերապրել են նորմավորումը մայրական արգանդում, այնուհետև՝ մինչև կյանքի վեց, 12, 18 և 24 ամիսները, կամ միայն ներարգանդային զարգացման շրջանում, այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն առնչվել նորմավորմանը:

Այն մարդիկ, որոնց բաժին էր ընկել ամենաերկարատև նորմավորումը, քաղցրի ավելի փոքր ձգտում և չափահաս տարիքում տագնապայնության զգալիորեն ցածր ռիսկ ունեին: Նրանց տագնապայնության ռիսկը 33%-ով ցածր էր, քան նրանցը, ովքեր երբեք չեն ապրել նորմավորման պայմաններում:

Նորմավորումը վերապրած խմբերում տագնապն ու դեպրեսիան նույնպես ավելի ուշ են զարգացել։ Տագնապային խանգարման սկզբի հասուն տարիքը երկարատև նորմավորվող խմբերում կազմել է շուրջ 62 տարեկան՝ առանց նորմավորման խմբի 55 տարեկանի դիմաց:

Հետազոտողները նշում են, որ սահմանված չափանիշների չեղարկումից հետո շաքարի սպառումն արագորեն աճել է, սակայն վաղ սահմանափակումների հետևանքները պահպանվել են բազմաթիվ տարիներ:

«Չնայած սահմանված չափանիշների չեղարկումից հետո մասնակիցների շրջանում շաքարի սպառման աճին, սննդային վաղ միջավայրը, ըստ երևույթին, երկարատև նշանակություն ունի հոգեկան առողջության համար»,- ասել է Սյուրեյի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության ավագ հեղինակ Նոֆար Գեյֆմանը:

Կյանքի առաջին 1000 օրն ուղեղի զարգացման համար խիստ կարևորության պատուհան է, և այդ շրջանում սնուցումը կարող է ուղեղում կայուն կառուցվածքային փոփոխություններ առաջացնել, նշում են հեղինակները:

Ինչպես հետևում է նախորդ հետազոտություններից, որոնց հղում են կատարում հեղինակները, բարձր շաքարայնությամբ սննդակարգերը կարող են նվազեցնել տրամադրության կարգավորման գործում առանցքային դեր խաղացող սերոտոնիներգիկ նեյրոնների խտությունն ու հասանելիությունը, մինչդեռ վաղ սահմանափակումները կարող են պաշտպանել այդ նեյրոնային ուղիները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում