Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանի Կենսաբժշկական նանոճարտարագիտության լաբորատորիայի գիտնականները պարզել են, որ վանիլինն ունի արտահայտված հակաօքսիդանտային, հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ։ Դա այն դարձնում է հեռանկարային բաղադրիչ՝ վերքեր ապաքինող պատրաստուկների համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Pharmaceutics (IJP) գիտական ամսագրում։
Վանիլինը վանիլի բնական պատիճներից ստացվող հիմնական քիմիական բաղադրիչն է։ Այն կարելի է սինթեզել նաև մեխակի յուղից կամ բրնձից։ Սննդի արդյունաբերության մեջ որպես բուրավետիչ օգտագործվելուց զատ՝ վանիլինը ծառայում է նաև որպես ֆունկցիոնալ մոլեկուլ․ այն հանդես է գալիս որպես դինամիկ կապակցող նյութ և կարևոր տարր նյութերի նախագծման մեջ։
Հետազոտողները վանիլինի քիմիական հատկությունները կապել են դրա կենսաբանական ակտիվության և կենսաբժշկության մեջ հնարավոր կիրառման հետ։
«Վանիլինը համաշխարհային սննդի համակարգում ամենալայնորեն կիրառվող բուրավետ միացություններից մեկն է։ Այն գնահատվում է իր համային ու հոտառական հատկանիշների, քիմիական կայունության և անվտանգության երկարատև պատմության համար, ինչը կարելի է փոխանցել նաև այլ ոլորտներ, օրինակ՝ բժշկություն։ Քանի որ վանիլինի սինթետիկ տեսակը հասանելի է և մատչելի, կարծում ենք, որ դրա հիման վրա պատրաստված միջոցները կարող են անվտանգ ու բազմաֆունկցիոնալ լուծումներ առաջարկել խոցերի բուժման և դեղերի, հատկապես հիդրոֆոբ միացությունների, թիրախային առաքման համար», — նշել է Ֆլինդերս համալսարանի կենսաբժշկական նանոտեխնոլոգիայի պրոֆեսոր Կրասիմիր Վասիլևը։
Իր ամֆիֆիլ մոլեկուլային կառուցվածքի շնորհիվ վանիլինը կարող է փոխազդել թթվածնի ակտիվ ձևերի, բջջային թաղանթների և պոլիմերային մատրիցների հետ, ինչն էլ հիմք է ծառայում դա ֆունկցիոնալ պատրաստուկների մեջ ներառելու համար։
Այս նոր բացահայտումը շարունակությունն է այն հետազոտությունների, որոնք նվիրված են բժշկական օգուտ տվող մթերքներին։ Ավելի վաղ գիտնականները անանուխի յուղի հիման վրա ստեղծել էին նանոչափի ծածկույթ, որը պաշտպանում է վարակներից, բորբոքումից և օքսիդացնող սթրեսից՝ միաժամանակ լիովին համատեղելի մնալով մարդկային հյուսվածքների հետ։
Հետազոտողների խոսքով՝ վանիլինը չափազանց հասանելի է, ուստի բժշկական նպատակներով դրա արտադրությունն ընդլայնելը բավականին հեշտ է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում