Գիտնականները հոդերում վնասված աճառների վերականգնումը խթանելու և արթրոզը կանխելու միջոց են գտել ծերացող մկների մոտ։ Այս բացահայտումն արել են Սթենֆորդի բժշկական դպրոցի հետազոտողներն իրենց գործընկերների հետ միասին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Մեթոդի հիմքում 15-PGDH սպիտակուցի արգելափակումն է, որը գիտնականները դասում են «գերոֆերմենտների» (ծերացման ֆերմենտների) շարքին. տարիքի հետ դրա մակարդակը բարձրանում է, իսկ մկների աճառներում ծերության շեմին այն գրեթե կրկնապատկվում է։ Երբ այս սպիտակուցի ազդեցությունը ճնշվում էր, տարեց կենդանիների ծնկահոդերի վնասված աճառը վերականգնվում էր, իսկ առաջային խաչաձև կապանի խզման նմանվող վնասվածքներից հետո արթրոզ չէր զարգանում։
Նույն արդյունքը գրանցվել է նաև մարդկային հյուսվածքների վրա. ծնկահոդի փոխարինման վիրահատության ժամանակ պացիենտներից վերցված աճառի նմուշները ցուցաբերել են վերականգնման համանման արձագանք։ «Տարեց մկների աճառն այն աստիճան էր վերականգնվել, որ մենք պարզապես ապշել էինք», — խոստովանել է հեղինակներից մեկը՝ Նիդհի Բհուտանին։ Նրա գործընկեր Հելեն Բլաուն այս մոտեցումն անվանել է «կլինիկական մեծ ներուժ ունեցող հասուն հյուսվածքների վերականգնման նոր ուղի»։
Խնդիրը, որի լուծմանն ուղղված է այս աշխատանքը, իրականում շատ գլոբալ է։ Արթրոզով տառապում է ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ չափահաս բնակիչ, իսկ բուժման տարեկան ծախսերը հասնում են 65 միլիարդ դոլարի։ Առաջային խաչաձև կապանի խզում ունեցող մարդկանց մոտ կեսը 15 տարվա ընթացքում բախվում է օստեոարթրոզի խնդրին: Մինչ օրս վնասված աճառը, որն ինքնուրույն գրեթե չի վերականգնվում, բուժում էին հիմնականում ցավազրկողներով, իսկ ծանր դեպքերում՝ հոդի փոխարինմամբ (պրոթեզավորմամբ)։
Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը դեռևս նախակլինիկական փուլի մասին է. արդյունքները ստացվել են կենդանիների և հյուսվածքների նմուշների վրա, այլ ոչ թե մարդկանց շրջանում արված փորձարկումների արդյունքում։ Նախքան այս մեթոդը կլինիկայում կիրառելը, կպահանջվեն հետագա ուսումնասիրություններ և անվտանգության ստուգումներ։ Այնուամենայնիվ, այս հայտնագործությունը սկզբունքորեն նոր ճանապարհ է հարթում՝ կենտրոնանալով ոչ թե հոդի պրոթեզավորման, այլ մարդու սեփական աճառի վերականգնման վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում