Քաղցր ուտելիքը կարող է ուժեղացնել աղիների միկրոբիոմի խանգարումը հակաբիոտիկներով բուժվելու ընթացքում։ Այսպիսի եզրահանգման են եկել Nature ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները։
Նրանք վերլուծել են արյունաստեղծ բջիջների փոխպատվաստումից հետո պացիենտների օգտագործած մոտ 9,5 հազար կերակրատեսակի օրիակ և պարզել, որ շաքարի մեծ պարունակությունը հակաբիոտիկների ֆոնին կապված է աղիքային մանրէների բազմազանության ավելի ցայտուն կորստի հետ։
Հետազոտողներն ուսումնասիրել են ալոգեն արյունաստեղծ բջիջների փոխպատվաստման ենթարկված արյան խանգարումներ ունեցող 173 պացիենտների սննդակարգը։ Նրանք բոլորն ստացել են հակաբիոտիկներ, և նրանց սննդակարգը մանրամասն գրանցվել է հիվանդանոցում գտնվելու ընթացքում։ Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են կերակրի 9 419 ընդունում և համեմատել սննդակարգի տվյալները կղանքի նմուշների արդյունքների հետ։
Փոխպատվաստումից հետո պացիենտների մոտ աղիքային մանրէների բազմազանությունը կայուն նվազել է։ Միկրոբիոմի հատկապես լուրջ խախտում է նկատվել լայն սպեկտրի հակաբիոտիկների դեպքում։ Սակայն պարզվել է, որ սննդակարգում շաքարի քանակը նույնպես կարող է ազդել այս պրոցեսի վրա։
Շաքարի օգտագործումն ինքնին կապված չի եղել մանրէների բազմազանության զգալի նվազման հետ։ Բայց երբ այն համակցվել է հակաբիոտիկների հետ, կապը դարձել է զգալի։ Հետազոտողների հաշվարկների համաձայ՝, շաքարի յուրաքանչյուր լրացուցիչ 100 գրամը կապված է եղել աղիքային միկրոբիոմի բազմազանության մոտ 24 տոկոս լրացուցիչ նվազման հետ։
Հատկապես հետաքրքիր էր շաքարի ազդեցությունը Enterococcus faecium-ի վրա, որը կարող է առաջացնել ծանր վարակներ և դիմացկուն է որոշ հակաբիոտիկների նկատմամբ։ Հակաբիոտիկներով բուժումից հետո սննդակարգում շաքարի ավելի մեծ պարունակությունը կապված է եղել աղիքային մանրէների մեջ շաքարի բաժնի աճի հետ։
Մարդկանց նկատմամբ կատարված այս դիտարկումները հետագայում հաստատվել են մկների վրա կատարված փորձերի ժամանակ։ Հակաբիոտիկներով բուժումից հետո սախարոզա ստացած կենդանիների աղիներում էնտերոկոկերի քանակի կտրուկ աճ է նկատվել՝ լրացուցիչ շաքարի հակաբիոտիկներ չստացած կենդանիների համեմատ։ Երրորդ օրը էնտերոկոկերի քանակը մոտավորապես 16 անգամ ավելի էր, իսկ վեցերորդ օրը՝ ավելի քան 33 անգամ ավելի։ Շաքարն ինքնին, առանց հակաբիոտիկների նախնական ներգործության, այս ազդեցությունը չի առաջացրել։
Գիտնականները ենթադրում են, որ հակաբիոտիկները ոչնչացնում են որոշ մրցակից մանրէներ՝ տարածք ազատելով միկրոօրգանիզմների համար, որոնք կարող են օգտագործել առկա սննդանյութերը: Շաքարը կարող է նաև խթանել որոշ պոտենցիալ վնասակար մանրէների աճը կամ փոխել աղիքային ռեակցիաները: Սակայն ճշգրիտ մեխանիզմը դեռ պարզված չէ։
Հետազոտությունը նաև բացահայտել է հնարավոր կապ սննդակարգի և բուժման արդյունքների միջև: Ավելի շատ շաքար օգտագործող պացիենտների շրջանում լայն սպեկտրի հակաբիոտիկային բուժման յուրաքանչյուր լրացուցիչ օրը կապված է եղել մահվան ռիսկի բարձրացման հետ: Սակայն այս դիտարկումը չի ապացուցում, որ քաղցր սնունդն ավելի վատ արդյունքների պատճառն է եղել. մարդկանց հետազոտությունը դիտողական բնույթ ուներ, իսկ պացիենտները փոխպատվաստումից հետո ծանր հիվանդ են եղել և ունեցել են ռիսկի բազմաթիվ այլ գործոններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում