ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հյու Դուգանը (Hugh Dugan) ԱՀԿ անդամ պետություններին ուղղված պաշտոնական նամակով իր աջակցությունն է հայտնել կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրված հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Թամամյանը։
«Խորապես պատիվ եմ զգում ստանալու հարգարժան Հյու Դուգանի աջակցությունը, ով ծառայել է որպես ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի Միջազգային կազմակերպությունների հարցերով ավագ տնօրեն նախագահ Թրամփի օրոք՝ ԱՄՆ դիվանագիտական ծառայությունում ավելի քան երեք տասնամյակ անցկացնելուց հետո, որոնց մեծ մասը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում:
Շնորհակալություն, սիրելի՛ Հյու, ձեր բարի խոսքերի և ինձ վստահելու համար, ինչպես նաև ձեր ընկերության և խորհուրդների համար», — գրել է նա։
Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող ամերիկացի դիվանագետ Դուգանը ծառայել է որպես ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և խորհրդատվություն տրամադրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի 11 դեսպանների։ Նա նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում զբաղեցրել է միջազգային կազմակերպությունների հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։
Իր աջակցության նամակում Դուգանն ընդգծել է ԱՀԿ-ի նկատմամբ վստահության վերականգնման և կազմակերպության կառավարման համակարգի արդիականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Թամամյանի մասնագիտական փորձը համապատասխանում է այդ մարտահրավերներին։
«Գևորգ Թամամյանը համատեղում է կլինիկական փորձառությունը, համաշխարհային առողջապահության ոլորտում առաջնորդությունն ու բարդ կազմակերպական համակարգերի կառավարման կարողությունները»,- նշել է Դուգանը։
Նա առանձնացրել է Հայաստանում մանկական ուռուցքաբանական ծառայությունների զարգացման, սահմանափակ ռեսուրսներով պայմաններում բուժման արդյունքների բարելավման, ինչպես նաև SIOP Asia-ի և POEM Group-ի շրջանակներում 28 երկրների համագործակցությունը համակարգելու Թամամյանի փորձը։
Դուգանի խոսքով՝ ԱՀԿ-ին անհրաժեշտ է առաջնորդություն, որը կարող է վերականգնել գիտական հեղինակությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ամրապնդել միջազգային վստահությունը։
Նամակում նա նաև ընդգծել է գիտական անկախության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման, տվյալների թափանցիկության, առողջապահության հավասար հասանելիության և անդամ պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարևորությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում