Հիշողության և արձագանքման արագության թեստերում ցածր արդյունքներ ցուցաբերած տարեց անձինք հետագայում ինսուլտի ավելի բարձր հավանականություն են ունեցել։ Այդուհանդերձ, 70 տարեկանից հետո այս կապը վերացել է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association ամսագրում։
Հիշողության որոշակի թուլացումը ծերացման բնականոն ընթացքի սպասելի մասն է։ Սակայն 60-ն անց այն մարդկանց մոտ, որոնք հիշողության և մտածողության թեստերում ցույց են տվել ամենացածր ցուցանիշները, հետագա տարիներին ինսուլտի ռիսկն ավելի բարձր է եղել։ Այս օրինաչափությունը պահպանվել է անգամ այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել զարկերակային ճնշումը, ծխելը և դիաբետը, փոխանցում է Planet Today-ը։ Մինչդեռ 70 և բարձր տարիքային խմբում այդ փոխկապակցվածությունն այլևս չի նկատվել։
Այսպիսով, կոգնիտիվ թեստերի պարզ հավաքածուն կարող է ծառայել որպես ինսուլտի վաղ ազդանշան, թեև լոկ կյանքի մեկ տասնամյակի ընթացքում։
Շվեդական Մալմյո քաղաքի Լունդի համալսարանի հետազոտող Ալիսա Ասկեմիրը գլխավորել է ուսումնասիրությունը երեք գործընկերների հետ միասին։ Գիտնականները երկար ժամանակ դիտարկել են մասնակիցներին՝ առանց բուժման որևէ փորձնական մեթոդ կիրառելու, ուստի աշխատանքը ցույց է տալիս ցածր ցուցանիշների և հետագա ինսուլտների միջև առկա կապը, այլ ոչ թե պատճառահետևանքային կախվածությունը։
Կամավորներն ընտրվել են «Good Aging in Skåne» կազմակերպությունից, որն իրականացնում է Հարավային Շվեդիայի տարեցների բազմամյա հետազոտություն։ Հետազոտողները նրանց պատահականության սկզբունքով ընտրել են հինգ համայնքների բնակչության ռեգիստրներից և առաջին անգամ հետազոտել 2001, 2007 կամ 2012 թվականներին։
Բոլոր մասնակիցները 60 և բարձր տարիքի անձինք էին։ Նրանցից որևէ մեկը չի ունեցել դեմենցիա, նախկինում տարած ինսուլտ կամ միկրոինսուլտ՝ ուղեղի արյան հոսքի կարճատև արգելափակում, որը սովորաբար անցնում է մի քանի րոպեում։ Այսպիսով, վերջնական ընտրանքը կազմել է 4912 մարդ։
Յուրաքանչյուր մասնակից անցել է ստանդարտ թեստավորում։ Դրանց մի մասը չափել է հիշողությունը, օրինակ՝ բառերի ցանկը մտապահելու և վերհիշելու ունակությունը։ Մյուսները գնահատել են պարզ տեսողական առաջադրանքների կատարման արագությունը, ինչպիսիք են էջում նշված թվերը ջնջելը կամ նախշերը համեմատելը։ Մնացած առաջադրանքներում մասնակիցներից պահանջվել է թվարկել հնարավորինս շատ կենդանիներ կամ մասնագիտություններ, կամ հակառակ հերթականությամբ կրկնել թվերը։
Հետազոտական թիմը միավորել է բոլոր թեստերի արդյունքները մեկ ընդհանուր միավորի մեջ, ապա յուրաքանչյուր տարիքային խումբ բաժանել երեք ենթախմբի՝ ըստ ստացված միավորների։
Ինսուլտների վերաբերյալ տվյալները ստացվել են Շվեդիայի պացիենտների ազգային ռեգիստրից, որն ընդգրկում է ստացիոնար և մասնագիտացված բուժման դեպքերը։ Միջինում 12,3 տարվա ընթացքում առաջին ինսուլտ է տարել 572 մարդ։
Ամենահստակ օրինաչափությունը նկատվել է 60-ից 69 տարեկան անձանց մոտ, որոնց դիտարկել են միջինում մոտ 14 տարի։ Մինչև լրացուցիչ գործոնների հաշվառումը, ընդհանուր միավորով ցածր ենթախմբում գտնվող 1030 մարդուց ինսուլտ է տարել 119-ը, այնինչ բարձր ցուցանիշներ ունեցող նույնքան մարդկանցից՝ ընդամենը 44-ը։
Այնուհետև հետազոտողները հաշվի են առել տարիքը, սեռը, կրթությունը, ֆիզիկական ակտիվությունը, քաշը, ծխելը և ալկոհոլի օգտագործումը։ Նրանք նկատի են ունեցել նաև ինսուլտի ռիսկի այնպիսի գործոններ, ինչպիսիք են դիաբետը, զարկերակային ճնշումը, խոլեստերինի մակարդակը, սրտի հիվանդություններն ու առիթմիան, ինչպես նաև ընդունվող դեղամիջոցները։ Անգամ ռիսկի նվազագույն մակարդակի պարագայում ցածր ցուցանիշներով խմբում ինսուլտի հավանականությունը 86%-ով ավելի բարձր է եղել, քան բարձր արդյունքներ ունեցողների մոտ։
Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաև հիշողության թեստերի դեպքում։ Հիշողության ցածր ցուցանիշներ ունեցողների շրջանում ինսուլտի ռիսկը բարձր է եղել 68%-ով, իսկ արագության թեստերը դանդաղ կատարողների մոտ՝ 66%-ով։
Հետազոտողները հստակ կապ չեն գտել ինսուլտի և բառերի կամ թվերի թվարկման առաջադրանքների միջև։ Ինսուլտի հետ կապված ցուցանիշներից ամենամեծ տարբերությունն արձանագրել է ընդհանուր միավորը։ Սեռային բաշխվածության դեպքում կապը նկատվել է առավելապես տղամարդկանց մոտ, ինչը հեղինակները դիտարկում են որպես նախնական, այլ ոչ վերջնական արդյունք։
70 և 80-ն անց անձանց շրջանում ցածր միավորները ինսուլտի ավելի բարձր ռիսկ չեն կանխատեսել՝ նույն գործոնները հաշվի առնելուց հետո։ Earth.com-ին տված հարցազրույցում Ասկեմիրը նշել է, որ թիմը նախապես ենթադրում էր, թե օրինաչափությունը կտարբերվի՝ կախված տարիքից։
«Ծերացող բնակչությունը չափազանց բազմազան է և էլ ավելի է բազմազանանում յուրաքանչյուր հաջորդ տասնամյակի հետ»,— ասել է նա։— «Պարզապես կարելի է փաստել, որ 60–69 տարեկան մարդիկ իրար ավելի նման են, քան 80-ն անց տարիքային խումբը»։
Նա պարզաբանել է, որ ավելի տարեց հասակում մարդկանց առողջական վիճակն ու ընդունած դեղամիջոցները կտրուկ տարբերվում են, իսկ ոմանք ավելի վաղ մահանում են այլ պատճառներով, ինչը դժվարացնում է ռիսկի գործոնների բացահայտումը։
«Ավելի երիտասարդ տարիքային խմբում օրինաչափությունները բացահայտելն ավելի հեշտ է, և մենք չենք կարող վստահորեն պնդել, թե ավելի բարձր տարիքային խմբերում դրանք իսպառ բացակայում են»,— հավելել է նա։
Որպես հնարավոր պատճառներից մեկը՝ հետազոտողները նշում են ուղեղի մանր անոթների խնդիրներից առաջացած վնասվածքները, որոնք մարդը կարող է երբեք չնկատել։
«Այսպես կոչված «թաքնված» ուղեղային վնասվածքները կարող են ազդել թե՛ կոգնիտիվ ֆունկցիաների, թե՛ ապագայում ինսուլտի ռիսկի վրա»,— նշում է Ասկեմիրը։— «Դրանք հանդիպում են 70 անց չափահասների մոտ 70%-ի մոտ, ուստի դրանց հետևանքները 60 տարեկանների շրջանում նկատելն ավելի հեշտ է, երբ նման վնասվածքներն ու կոգնիտիվ ֆունկցիաների վրա ազդող այլ գործոնները, ներառյալ հիվանդություններն ու դեղամիջոցները, ավելի հազվադեպ են հանդիպում»։
Այս վերլուծության մեջ թիմը չի դիտարկել ուղեղի սկանավորման արդյունքները, ուստի այդ վարկածը չի ստուգվել։
Հետազոտության հեղինակները նշել են, որ մասնակցած մարդիկ, թերևս, ավելի առողջ են եղել, քան չմասնակցածները։ Ասկեմիրը նաև ընդգծել է, որ արդյունքները կարող են չվերաբերել այլ առողջապահական համակարգեր ու կենսակերպ ունեցող երկրներին։
Ցածր ցուցանիշներով ենթախմբում գտնվող որոշ մասնակիցներ, հավանաբար, արդեն իսկ գտնվել են դեմենցիայի վաղ փուլերում։ 60 տարեկանների շրջանում բժիշկները հետագայում դեմենցիա են ախտորոշել ցածր ենթախմբի 6,2%-ի մոտ՝ բարձր ենթախմբի 1,6%-ի համեմատ։ Հետազոտողները կարող էին նաև որոշ թեթև ինսուլտներ դասակարգել որպես միկրոինսուլտներ և դուրս թողնել դրանք, քանի որ հետազոտության մեծ մասի ընթացքում Շվեդիայում ինսուլտի ախտորոշման ընդունված մեթոդը համակարգչային տոմոգրաֆիան էր։
Ասկեմիրը շեշտում է, որ հիշողության վատթարացում նկատելիս անհրաժեշտ է դիմել բժշկի։ Տարիքի հետ հիշողության որոշակի փոփոխություններն սպասելի են, հավելել է նա, սակայն դրանք կարող են վկայել նաև չափազանց մեծ սթրեսի, քնի պակասի, բուժման կողմնակի ազդեցությունների կամ առողջական այլ խնդիրների մասին։
Ինչպես հայտնում է Ասկեմիրը, «Good Aging in Skåne» ծրագիրը շարունակում է իր աշխատանքը։ Այն պարբերաբար ներգրավում է նոր մասնակիցների և վերսկսում աշխատանքը նախկին մասնակիցների հետ, իսկ ինսուլտը լոկ հիվանդություններից մեկն է, որոնց ծրագիրը հետևում է։
«Ժամանակի ընթացքում, թերևս, հնարավոր կլինի պարզել՝ արդյոք մասնակիցների ավելի մեծ մասը չի ենթարկվել ինսուլտի»,— ասել է նա։
Հեղինակները նշել են, որ, որքանով իրենց է հայտնի, որևէ հետազոտություն դեռևս չի համեմատել ցածր ցուցանիշներ ունեցող մարդկանց ուղեղի սկանավորման արդյունքները հետագայում ինսուլտ տարածների ուղեղի սկանավորման հետ։ Նրանք ցանկանում են, որ հաջորդ փուլը լինեն սկանավորման ուսումնասիրությունները, ինչպես նաև ավելի երիտասարդ խմբերում անցկացվող հետազոտությունները՝ ստուգելու, թե արդյոք կոգնիտիվ ցուցանիշները՝ այլ բժշկական չափումների հետ համադրված, կարող են բացահայտել ավելի բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց։
Մինչ այդ, այն հարցը, թե ինչու են 60 տարեկանում արձանագրված ցածր միավորներն ուղեկցվում ինսուլտի ավելի մեծ քանակով, մնում է բաց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day