Ե՞րբ եւ ինչու՞ է քոսի սրացում նկատվում

28 նոյեմբերի, 2014  11:35

Քոսը վարակիչ մաշկային հիվանդություն է՝ մարդկանց հայտի ամենահին հիվանդություններից մեկը, որը նկարագրված է նույնիսկ Հին Կտակարանում եւ Արիստոտելի աշխատություններում:

 Հետաքրքիր է, որ քոսը նույնիսկ այսօր բավական տարածված է: Մաշկա-վեներաբան Կարեն Վարդանյանի խոսքով՝ «ցուրտ եւ մութ տարիներին» ձմռանը քսը բավական մեծ տարածում էր ունենում, իսկ այսօր այս հիվանդության սրացումները ավելի հաճախ ամռանն են գրանցվում: Ինչու՞ է այդպես: Փորձենք հասկանալ:

Քոսը հպավարակիչ հիվանդություն է, այսինքն, այն փոխանցվում է մարմնական կոնտակտի, հպման, սերտ շփման միջոցով: «Ցուրտ եւ մութ տարիներին» շատ մարդիկ մեկ սենյակում էին հավաքվում՝ վառարանի շուրջ, իրար բավական մոտ էին նստում, եւ հիվանդության՝ տարածվելու հավականանությունը (եթե, իհարկե, սենյակում հիվանդ կար) բավական մեծ էր լինում:

Հիմա քոսը ձմռանն այլեւս այդքան չի տարածվում, հավանաբար, որովհետեւ առօրյա կյանքն ու սովորույթները մի փոքր փոխվել են: Սակայն, մասնագետի խոսքով, այնպիսի վայրերում, որտեղ առկա են մարդկանց կուտակումներ, հիվանդության տարածման դեպքեր նույնիսկ այսօր գրանցվում են:

Բայց, իհարկե, ավելի հաճախ քոսն այսօր հանդիպում է ամռանը, երբ մարդիկ գնում են հանգստանալու. եթե հյուրանոցներում եւ հանգստյան տներում սանիտարա-հիգիենիկ պայմանները խախտվում են, հնարավոր է լինում քոսով վարակվել:

Քոսից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խստորեն պահպանել անձնական հիգիենային կանոնները, քանի որ բաղնիքի սպիտակեղենի եւ անկողնու սպիտակեղենի համատեղ օգտագործումը բավական լուրջ ռիսկի գործոններ են՝ հիվանդության փոխանցման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում