• Latest news▼

Գիտնականները պարզել են, թե կրծքի կաթի որ բաղադրիչներն են կախված մոր սննդից

11 հոկտեմբերի, 2026  22:38

Կրծքի կաթը ոչ միայն արտացոլում է մոր սնունդը, այլև կարգավորվում է բարդ կենսաբանական գործընթացներով, որոնք կապված են կաթնագեղձի աշխատանքի և երեխայի աճի հետ: Այս եզրակացությանն են եկել Science ամսագրում հրապարակված երկու միջազգային հետազոտությունների հեղինակները:

Հետազոտություններին մասնակցել են ավելի քան հազար մայր և նորածին զույգեր Կանադայից, Բուրկինա Ֆասոյից, Տանզանիայից և Պակիստանից: Գիտնականները հավաքել են կրծքի կաթի գրեթե երկու հազար նմուշ և վերլուծել ավելի քան 25 հազար միացություն՝ պարզելու համար, թե ինչպես են դրա կազմի վրա ազդում կնոջ սնունդը և լակտացիայի ժամանակ օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:

Երկու աշխատանքներն էլ իրականացրել է International Milk Composition միջազգային կոնսորցիումը՝ Մանիտոբայի համալսարանի ղեկավարությամբ: Հետազոտությունները ֆինանսավորել է Գեյթսի հիմնադրամը:

Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքի կաթի որոշ բաղադրիչներ փոխվում են՝ ի պատասխան մոր կողմից սննդային հավելումների ընդունման: Մասնավորապես, գիտնականները փոփոխություններ են հայտնաբերել B խմբի վիտամինների, սելենի պարունակության և տրիգլիցերիդների՝ որպես էներգիայի աղբյուրներից մեկը ծառայող ճարպերի կազմում: Ընդ որում, այլ բաղադրիչները մնացել են հարաբերականորեն կայուն:

Հետազոտության առաջատար հեղինակ, Գենտի համալսարանի և Բուրկինա Ֆասոյում AFRICSanté հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Տրենտոն Դեյլի-Չվալիբոգի կարծիքով, այս արդյունքները թույլ են տալիս ավելի ճշգրիտ որոշել, թե որ սննդանյութերը կարելի է ավելացնել կրծքի կաթում՝ մոր սննդակարգի նպատակային շտկման միջոցով:

Նման մոտեցումը կարող է հատկապես օգտակար լինել այն տարածաշրջաններում, որտեղ տարածված է կանանց անբավարար սնուցումը: Սակայն կաթի կազմի փոփոխությունների ազդեցությունը երեխաների առողջության և զարգացման վրա դեռ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի:

Երկրորդ աշխատանքը նվիրված էր կաթնագեղձին և նորածինների աճի հետ դրա կապին: Հետազոտողները կաթի կազմի մեջ հայտնաբերել են օրինաչափություններ, որոնք արտացոլում են տարբեր գործընթացներ. կաթի առաջացում և արտազատում, գեղձի բջիջների պաշտպանիչ շերտի վիճակ, հյուսվածքների նորացում, իմունային ակտիվություն և վնասվածքների վերականգնում:

Հետազոտության ավագ հեղինակ, Նյու Յորքի համալսարանին առընթեր Գրոսմանի բժշկական դպրոցի ներկայացուցիչ Լիատ Շենհավի կարծիքով, կաթի վերլուծությունը թույլ է տալիս ոչ ինվազիվ կերպով ուսումնասիրել կենսաբանական գործընթացները կաթնագեղձում: Դա կարող է օգնել ավելի լավ հասկանալ մոր նյութափոխանակության և երեխայի աճի միջև կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll