Ուշ երեկոյան թեթև սնվելը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես կազմվածքի, այնպես էլ լյարդի առողջության վրա։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են «Clinical Gastroenterology and Hepatology» ամսագրում։
«Մի քանի հետազոտություններ ակնարկում էին այս գաղափարի մասին, սակայն սա առաջին երկարաժամկետ վերլուծություններից է, որն ակնհայտորեն կապ է հաստատում լյարդի ճարպային դիստրոֆիայի հետ», — հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Ռոբերտ Վիլեչանսկին։ Նա Փորթլենդի Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի հեպատոլոգ է, որը մասնագիտացած է լյարդի փոխպատվաստման ոլորտում։
Հետազոտողները վերլուծել են շուրջ 200,000 առողջ մարդկանց սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ տվյալները, որոնց դիտարկել են մոտ 16 տարի:
Այն մասնակիցների շրջանում, որոնք հայտնել են ընթրիքից կամ քնելուց առաջ սնունդ ընդունելու մասին, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման ռիսկը 36%-ով ավելի բարձր է եղել, իսկ ցիրոզի զարգացման ռիսկը՝ 28%-ով:
Արդյունքները պահպանվել են նույնիսկ այնպիսի գործոնների ճշգրտումից հետո, ինչպիսիք են տարիքը, դիաբետի առկայությունը, ֆիզիկական ակտիվությունը և մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), որն արտահայտում է օրգանիզմում ճարպի քանակի գնահատականը՝ հասակի և քաշի հիման վրա:
Լյարդը առանցքային դեր է խաղում սննդանյութերի մշակման գործում: Ուշ երեկոյան սնունդ ընդունելը բարձրացնում է նաև ճարպակալման և ինսուլինի նկատմամբ ազդեցության նվազման (զգայունության անկման) ռիսկը։ Այս ամենը լյարդի ճարպային հիվանդության զարգացման հիմնական գործոններն են, որն այժմ հայտնի է որպես մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված ստեատոտիկ լյարդային հիվանդություն (MASLD):
«Հիմնական եզրահանգումն այն է, որ քնելուց մի քանի ժամ առաջ կալորիաների ընդունման սահմանափակումը կարող է օգտակար լինել», — ասել է Վիլեչանսկին:
Տվյալ հետազոտությունն ունեցել է դիտողական բնույթ և հիմնվել է ինքնազեկուցման միջոցով ստացված տվյալների վրա, փոխարենը՝ չի կարող ապացուցել պատճառահետևանքային կապը:
Ներկայումս հետազոտողները մասնակիցների հավաքագրում են իրականացնում նոր հետազոտության համար, որի շրջանակում անմիջականորեն կվերահսկվի մասնակիցների սննդային սովորույթը։ Նրանք այդկերպ փորձում են պարզել, թե արդյոք ուշ ժամի սնունդ չընդունելը բարելավում է լյարդի առողջությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day