✕

Վերջին 10 տարում ծխողների քանակը նվազել է մոտ 8%–ով, բայց նոր մարտահրավեր է էլեկտրոնային ծխախոտը. Մարիամ Մնացականյան

12 հոկտեմբերի, 2026  12:53

Մեր ազգաբնակչության շրջանում թոքի քաղցկեղ ունեցողների գերակշռող մասը ծխողներ են. Հիմնականում դա հանդիպում են 50 տարեկանից բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ֆանարջանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքային վիրաբուժության կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, վիրաբուժ Տիգրան Բյուզանդյանը։

«Վերջին 10 տարում ծխողների քանակը նվազել է մոտ 8%–ով։ Հավատացեք՝ մենք դա տեսնում ենք նաև մեր բուժառուների վրա։

Կա մի հետաքրքիր չինական հետազոտություն, որտեղ համեմատել են այն մարդկանց, որոնք մինչև թոքի քաղցկեղի ախտորոշման պահը եղել են ակտիվ ծխողներ։ Այդ պահից սկսած բուժառուներին բաժանել են երկու խմբի, մարդիկ, որոնք թարգել են ծխելը և երկրորդ խումբը շարունակել է ծխել։ Արդյունքների տարբերությունը եղել է 30%, խոսքը ապրելիության ցուցանիշների մասին է։ Մարդիկ երրորդ փուլ թոքի քաղցկեղի դեպքում, երբ վիրահատական բուժումից հետո ստանում են դեղորայքային բուժում՝ քիմիաթերապիա, իրենց ապրելությունը լավանում է մոտ 5-10%-ով»,–ասաց նա։

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը նկատեց, որ այո, ծխողների թիվը նվազել է, քանի որ համաշխարհային մակարդակով մեծ պայքար է սկսվել դրա դեմ, սակայն հետո ի հայտ եկան էլեկտրոնային տարատեսակ ծխախոտները և այդ պայքարի գործիքները դարձան ավելի քիչ կիրառելի քանի որ նոր արտադրատեսակների նկատմամբ չկային այն կարգավորումները, որոնք կան սովորական ծխախոտի դեպքում. «Ծխելը անհրաժեշտ է ուղղակի դադարեցնել, ոչ թե անցնել  նոր և նորարական արտադրատեսակներին։  Էլեկտրոնային ծխախոտը անվնաս չէ, ինքը բավականին վտանգավոր է, ունի տարբեր տեսակի թունավոր, վտանգավոր նյութեր։ Բացի նրանից, որ նիկոտին է պարունակում, որը առաջին հերթին ուժեղ կախվածություն առաջացնող տոքսին է, այն երեխաների համար ավելի վտանգավոր է, քանի որ երեխաների ուղեղը դեռ զարգացած չէ, և այդ շրջանում ծխախոտի օգտագործումը և նիկոտինի ազդեցությունը կարող է բերել շատ ավելի ուժեղ կախվածության, որից հետագայում շատ դժվար է ազատվել։

Բացի դրանից, պարունակում են նաև այնպիսի նյութեր, ինչպիսին են ծանր մետաղները, որոնք էլի նյարդային համակարգի վրա են ազդում, պարունակում են գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, որոնք ունեն քաղցկեղածին ազդեցություն»,–ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում