✕

Եվրոպացի երիտասարդների երկու երրորդը մանկության տարիներին հոգեկան ցնցում է վերապրել՝ ամբողջ կյանքի համար հետևանքներով. ԱՀԿ

12 հոկտեմբերի, 2026  18:50

Եվրոպայում երիտասարդների ավելի քան երկու երրորդը մանկության տարիներին հոգեցունց տրավմատիկ իրադարձություններ է վերապրել՝ ընտանեկան բռնությունից մինչև ծնողներից մեկի մահը: Ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նոր զեկույցում, դա մեծացնում է հետագա տարիներին հոգեկան առողջության և կյանքի որակի վատթարացման ռիսկը:

Ավելի քան յուրաքանչյուր հինգերորդ երիտասարդը հայտնել է, որ մանկության տարիներին չորս կամ ավելի նման ծանր իրադարձություն է վերապրել:

«Եթե երեխան մեծանում է բռնության մթնոլորտում կամ անբարենպաստ, մշտապես ճգնաժամային վիճակում գտնվող ընտանիքում, պետք չէ զարմանալ, որ այդ ապրումները նրան հետապնդում են դպրոցում, աշխատավայրում և անձնական կյանքում»,- հայտարարել է ԱՀԿ/Եվրոպա առողջապահական համակարգերի վարչության տնօրեն Նատաշա Ազզոպարդի-Մուսկատը:

Ըստ նրա՝ այս խնդրի մասշտաբները հաճախ թերագնահատվում են, իսկ հետևանքներն ազդում են մարդկանց կյանքի միանգամից մի քանի ոլորտների վրա:

«Դա միայն հոգեկան առողջության մեկուսացված խնդիր չէ։ Դա սոցիալական և տնտեսական հարց է, և դրա լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն առողջապահական ծառայությունների, այլ բոլոր ոլորտների մասնակցությունը»,- հավելել է Ազզոպարդի-Մուսկատը:

Զեկույցում ներկայացված են 18-30 տարեկան ավելի քան 26 հազար երիտասարդների շրջանում 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունվարն ամբողջ Եվրոպայում անցկացված հարցման արդյունքները, հաղորդում է Euronews-ը: Հետազոտողները գնահատել են անբարենպաստ փորձի ինը տեսակների ազդեցությունը՝ ֆիզիկական, հուզական կամ սեռական բռնություն, ֆիզիկական անտեսում, ընտանիքում հոգեակտիվ նյութերի օգտագործում, ընտանիքի անդամների հոգեկան հիվանդություններ, ծնողների ամուսնալուծություն կամ մահ, ինչպես նաև մանկության տարիներին ընտանեկան բռնության ականատես լինելը:

«Արդյունքներն ապշեցնում են իրենց կայունությամբ. մանկության տարիներին ձեռք բերված անբարենպաստ փորձն ընկած է առողջական ավելի վատ վիճակի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում երիտասարդ չափահասների շրջանում ավելի վատ սոցիալական և տնտեսական ցուցանիշների հիմքում»,- նշել է հետազոտության գիտական ղեկավար Մարկ Բելիսը՝ Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանից:

Հարցվածներն ամենից հաճախ հայտնել են ծնողների ամուսնալուծության կամ նրանցից մեկի մահվան, ընտանեկան բռնության ականատես լինելու կամ հուզական բռնության ենթարկվելու մասին:

Ինչպես նշվում է զեկույցում, վաղ մանկության շրջանում տևական սթրեսը, որը կարող են առաջացնել նման ապրումները, խաթարում է ուղեղի զարգացումը, թուլացնում զգացմունքները կարգավորելու ունակությունը և փոխում սթրեսին արձագանքելու ֆիզիոլոգիական համակարգերի աշխատանքը:

Չորս կամ ավելի անբարենպաստ ապրումների մասին հայտնած երիտասարդները զգալիորեն ավելի հաճախ են ֆիզիկական ցավ կամ անհարմարություն զգացել, բախվել դժվարությունների առօրյա գործունեության մեջ՝ աշխատավայրում կամ ուսման ընթացքում, ունեցել են շարժունակության սահմանափակումներ և ինքնասպասարկման հետ կապված խնդիրներ:

Նրանց շրջանում, ովքեր հայտնել են չորս և ավելի նման ապրումների մասին, 76,3%-ը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է մասնագիտական հոգեբանական օգնության կարիք՝ ի տարբերություն այն մարդկանց 36,7%-ի, որոնք նման իրադարձությունների չեն բախվել:

Ընդ որում, ինչպես զգուշացնում են հեղինակները, ամենամեծ քանակությամբ տրավմատիկ իրադարձությունների ենթարկված երիտասարդներն ավելի հաճախ են ասել, որ չեն ստացել այն հոգեբանական օգնությունը, որի կարիքն, իրենց զգացողությամբ, ունեցել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում