ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի (JHU) հետազոտողներն ուսումնասիրել են ողնաշարի ոսկրային հյուսվածքի ցածր հանքային խտության և ճանաչողական խանգարումների նշանների միջև փոխկապակցվածությունը, ներառյալ գլխուղեղի վնասման երկու մարկեր, որոնք հայտնաբերվում են սկանավորման ժամանակ:
Արդյունքները, ինչպես հաղորդվում է Radiology բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ, ցույց են տվել կապ ոսկրերի թուլացման և ուղեղի արագացված ծերացման նշանների միջև՝ ներառյալ սպիտակ նյութի կառուցվածքի փոփոխությունները և ճանաչողական գործառույթների ավելի արագ նվազումը:
«Այս հետազոտությունն առաջին երկայնական երկրորդային վերլուծություն է, որը կապում է ողերի ոսկրային հյուսվածքի ելակետային հանքային խտությունը սպիտակ նյութի կառուցվածքի փոփոխությունների, սպիտակ նյութի հիպերտենզիվ փոփոխությունների հարաճման և ճանաչողական գործառույթների հետ,- ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի ռադիոլոգ Շադպուր Դեմեհրին:- Դա համապարփակ հետազոտություն է, որում օգտագործվել են ինչպես պատկերման եղանակներ, այնպես էլ կլինիկական գնահատականներ, և այն հստակ ցույց է տալիս, որ ոսկրային հյուսվածքի խտությունը ելակետային մակարդակում կապված է ինչպես ֆունկցիոնալ ցուցանիշների, այնպես էլ գլխուղեղի տարիքային դեգեներացիայի ցուցանիշների հետ, որոնք բացահայտվում են պատկերման եղանակների միջոցով»։
Հետազոտությանը մասնակցել է 715 մարդ, որոնց տվյալները հավաքվել են առողջության ուսումնասիրության երկարաժամկետ նախագծի շրջանակում: Բացի կրծքավանդակի սկանավորումից, այդ մարդիկ անցել են մտածողության և հիշողության թեստեր, ինչից հետո՝ առաջին խմբից մի քանի տարի անց, իրականացվել է գլխուղեղի սկանավորում և լրացուցիչ ճանաչողական թեստեր, գրում է Planet Today-ը:
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքներով ոսկրային հյուսվածքի խտության (BMD) վերաբերյալ տվյալներ ստանալու համար հետազոտողներն արհեստական բանականության հատուկ մշակված ալգորիթմ են օգտագործել։ Ոսկրային հյուսվածքի խտությունը հանքանյութերի, օրինակ՝ կալցիումի առկայության ցուցանիշ է. որքան քիչ են այդ հանքանյութերը ոսկրում, այնքան այն ավելի թույլ է, և այնքան մեծ է կոտրվածքի հավանականությունը։
«Ախտորոշիչ պատկերները հսկայական քանակությամբ տվյալներ են պարունակում, որոնք արհեստական բանականությունն այժմ կարող է սինթեզել մեծ մասշտաբներով՝ բազմաթիվ օրգան-համակարգերի համար,- ասում է Դեմեհրին:- Դա հուսալի, նոր բացվող հնարավորություն է ստեղծում գոյություն ունեցող տարիքային պաթոլոգիաների փոխկապակցման համար, որոնք ավանդաբար ուսումնասիրվել են մեկուսացված, ինչպես նաև ընդհանուր կենսաբանական ուղիների և հնարավոր ընդհանուր պատճառահետևանքային մեխանիզմների բացահայտման համար»:
Ուղեղի որոշ հատվածներում ոսկրային հյուսվածքի ավելի ցածր հանքային խտությունը կապված է եղել սպիտակ նյութում ավելի մեծ քանակությամբ հիպերտենզիվ օջախների հետ, որոնք դրսևորվում են որպես լուսավոր բծեր նկարների վրա և վկայում են վնասված հյուսվածքի մասին: Ոսկրային հյուսվածքի ավելի ցածր հանքային խտությունը միաժամանակ կապված է եղել այլ հատվածներում սպիտակ նյութի ֆրակցիոն անիզոտրոպիայի՝ ավելի թույլ ուղեղային կառուցվածքի ցուցանիշի հետ: Ավելի վաղ պարզվել էր, որ ուղեղի այն հատվածները, որտեղ հայտնաբերվել են վնասման այդ նշանները, կապված են գործադիր գործառույթների (ընդհանուր կազմակերպվածության), աշխատանքային հիշողության և ուշադրության հետ: Ճանաչողական ունակությունների թեստերի արդյունքների ավելի արագ նվազումը նույնպես հարաբերակցվել է ոսկրային հյուսվածքի ավելի ցածր հանքային խտության հետ: Հետազոտողները շեշտում են, որ բավարար ապացույցներ չկան պնդելու, որ ոսկրերի թուլացումն ճանաչողական ֆունկցիաների անկում է առաջացնում, և ավելի հավանական է, որ երկու դեպքում էլ այլ գործոն է ներգրավված:
«Այս հետազոտությունը նվիրված է ոչ թե պատճառահետևանքային կապին, այլ նյութափոխանակության համախտանիշի դիտարկմանը, որը կարող է առաջացնել ինչպես ոսկրերի, այնպես էլ գլխուղեղի դեգեներացիա,- ասում է Դեմեհրին:- Հետազոտությունում դիտարկված համընկնումը կարող է արտացոլել ծերացման ընդհանուր մետաբոլիկ գործոնները, ներառյալ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը, դիսլիպիդեմիան և դաշտանադադարին առնչվող փոփոխությունները, այլ ոչ թե ուղեղի վրա ոսկրերի ուղղակի ազդեցությունը»:
Այն փաստը, որ հետազոտության մասնակիցներին հետևել են մի քանի տարի, դրա առավելությունն է, սակայն պարզելու համար՝ արդյոք այստեղ դիտարկված ուղեղի արագացված ծերացումն իսկապե՞ս հանգեցնում է առողջական այնպիսի ախտորոշված խնդիրների, ինչպիսին դեմենցիան է, ավելի երկարաժամկետ հետազոտություններ կպահանջվեն:
Այս տվյալներն օգտագործելու ուղիներից մեկը ոսկրային հյուսվածքի հանքային խտության ցուցանիշների հիման վրա ճանաչողական խանգարումների և դրանց առնչվող վիճակների բարձր ռիսկ ունեցող մարդկանց բացահայտումն է: Ընդսմին, նախքան հնարավոր կլինի նման կանխատեսումներ անել, անհրաժեշտ է շատ ավելի շատ տվյալներ հավաքել և վերլուծել:
Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ արհեստական բանականության միջոցով փոքր-ինչ լրացուցիչ ուսուցման և վերլուծության դեպքում կարելի է լրացուցիչ արժեքավոր տեղեկություններ ստանալու համար օգտագործել գոյություն ունեցող բժշկական տվյալների հսկայական զանգվածները:
«Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան իրականացվում է թոքերի քաղցկեղի սքրինինգի, կալցիումի մակարդակի գնահատման, հանգույցների դիտարկման և շատ այլ ցուցումներով,- ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի ռադիոլոգ Սառա Մոմթազմանեշը:- Այդ սկանավորումները կարող են ապահովել ողնաշարի կրծքային հատվածում ոսկրային հյուսվածքի խտության չափման հնարավորություն, ինչը կապված է ճանաչողական գործառույթների կորստի հետ»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում