• Latest news▼

Ոչ միայն քաշը. մարմնի կառուցվածքը կապված է ինֆարկտի ռիսկի հետ

14 հոկտեմբերի, 2026  17:39

Մոտ 396 հազար մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարմնի չափերի ինդեքսը (BRI), որը հաշվի է առնում հասակն ու գոտկատեղի շրջագիծը, կապված է սրտամկանի ինֆարկտի ռիսկի հետ։ Սրտի կաթվածը կանխատեսելու ունակությամբ այս ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է մարմնի զանգվածի ինդեքսին (ՄԶԻ) և մարդաչափական այլ չափումներին։

Journal of Health, Population and Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ օգտագործվել են բրիտանական UK Biobank նախագծի տվյալները։ 40-ից 70 տարեկան մասնակիցներին հետևել են միջինում 13,3 տարի, որի ընթացքում արձանագրվել է ինֆարկտի 14,419 դեպք։

BRI-ի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող մարդկանց մոտ ինֆարկտի ճշգրտված ռիսկը 52%-ով ավելի բարձր է եղել, քան ամենացածր ցուցանիշներով մասնակիցների մոտ։ BRI-ի՝ մեկ ստանդարտ շեղմամբ ավելացման դեպքում ռիսկն աճել է 13%-ով։ Բարձր ռիսկը կապված է եղել նաև գոտկատեղի շրջագծի, ՄԶԻ-ի և մարմնի կազմության մի շարք այլ ցուցանիշների հետ։

BRI-ն հաշվարկվում է հասակի և գոտկատեղի շրջագծի հիման վրա։ Այն թույլ է տալիս անուղղակիորեն գնահատել մարմնի կլորությունն ու որովայնի հատվածում ճարպի կուտակումը, սակայն անմիջականորեն չի չափում վիսցերալ ճարպը, որը պատում է ներքին օրգանները։

Ինֆարկտի կանխատեսման ճշգրտությամբ BRI-ն միայն չնչին չափով է շրջանցել մյուս ցուցանիշներին։ Նրա առավելությունն իրեն ամենամոտ մրցակցի՝ WWI ինդեքսի նկատմամբ եղել է նվազագույնը։ Կանանց շրջանում BRI-ն և WWI-ն արձանագրել են համադրելի արդյունքներ, մինչդեռ տղամարդկանց մոտ լավագույն կանխատեսիչն է եղել հենց BRI-ն։

Հեղինակները ընդգծում են, որ հետազոտությունը ի հայտ է բերել վիճակագրական կապ, սակայն չի ապացուցում, որ մարմնի կլորության ավելացումն ուղղակիորեն ինֆարկտ է առաջացնում։ Բացի այդ, նոր ցուցանիշի չնչին առավելությունը դեռևս չի նշանակում, որ այն էապես կբարելավի սիրտ-անոթային ռիսկերի գնահատման գոյություն ունեցող մեթոդները։

Արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ բնակչության առավել բազմազան խմբերի շրջանում։ Առայժմ վաղ է BRI-ն առաջարկել կլինիկական պրակտիկայում ամենօրյա օգտագործման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll