• Latest news▼

Ինչո՞ւ երբեմն չենք կարողանում դադարեցնել ծիծաղը․ նեյրոկենսաբանները բացահայտել են ծիծաղի երկու մեխանիզմները

15 հոկտեմբերի, 2026  08:47

Անզուսպ, անվերահսկելի ծիծաղն ու զրույցի ընթացքում սովորական ծիծաղը կարող են ակտիվանալ ուղեղի տարբեր համակարգերի կողմից։ Նման եզրահանգման են եկել հետազոտողները՝ վերլուծելով ուղեղի էլեկտրական խթանմամբ փորձարկումների արդյունքները։ Ակնարկը հրապարակվել է Trends in Neurosciences ամսագրում։

Թեև ծիծաղը սովորաբար ասոցացվում է ուրախության հետ, մարդիկ ամենից հաճախ ծիծաղում են սոցիալական նկատառումներով՝ համաձայնություն ցուցադրելու, մտերմությունն ամրապնդելու կամ լարվածությունը թուլացնելու համար։ Բացի այդ, ծիծաղը վարակիչ է․ լսելով ուրիշի ծիծաղը՝ հաճախ ինքներս էլ ենք սկսում ծիծաղել։

Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում սովորական ծիծաղը տարբերվում է անզուսպ ծիծաղի պոռթկումներից։ Առաջինը, որպես կանոն, կարճատև է ու վերահսկելի, մինչդեռ երկրորդը կարող է տևել բավականին երկար, ուղեկցվել բարձր ձայներով, ծվծվոցով ու այլ ձայներով՝ զրկելով մարդուն խոսելու կարողությունից։

Հետազոտողներն ուսումնասիրել են այն փորձարկումների տվյալները, որոնցում ուղեղի տարբեր հատվածների էլեկտրական խթանումը պացիենտների մոտ ծիծաղ է առաջացրել։ Նրանք պարզել են, որ այս արձագանքների հետևում կարող են ընկած լինել երկու տարբեր նեյրոնային ցանցեր։

Առաջին ցանցն ընդգրկում է գոտևորող կեղևի առջևի հատվածը, քունքային բևեռն ու որոշ ենթակեղևային կառույցներ։ Դրա խթանումը հանգեցրել է ծիծաղի, որն ուղեկցվել է հաճելի զգացողություններով ու դրական էմոցիաներով։ Այս համակարգը կապված է էմոցիոնալ արձագանքների և վոկալիզացիայի ավելի հնագույն մեխանիզմների հետ, որոնք մարդիկ կիսում են այլ կաթնասունների հետ։

Երկրորդ ցանցն ընդգրկում է ուղեղի շարժողական և նախաշարժողական հատվածները։ Դրա խթանման դեպքում ի հայտ է եկել ծիծաղ, որը չի ուղեկցվել արտահայտված էմոցիաներով և խանգարել է խոսելուն։ Այս համակարգը կապված է շարժումների, այդ թվում՝ խոսքի կամավոր կառավարման հետ և կարևոր դեր է խաղում սոցիալական շփման մեջ։

Տարբերություններն ի հայտ են գալիս նաև ձայնային ապարատի աշխատանքում։ Սովորական, խոսակցական ծիծաղի ժամանակ արտաբերական ապարատի շարժումները նման են նրանց, որոնք մարդն օգտագործում է բառեր արտասանելիս։ Անզուսպ ծիծաղն այլ կերպ է կառուցված և պահանջում է նվազ բարդ շարժողական վերահսկողություն։

Հեղինակները նշում են, որ ծիծաղի ուսումնասիրությունն օգնում է ավելի լավ հասկանալ ոչ միայն էմոցիաները, այլև սոցիալական կապերը, էմպաթիան, վարքագծի վարակիչ լինելն ու խոսքի էվոլյուցիան։ Ընդ որում, եզրահանգումները հիմնված են առկա հետազոտությունների վերլուծության վրա․ մոդելի վերջնական հաստատման համար անհրաժեշտ են հետագա աշխատանքներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll