Ցերեկային ժամերին հաճախակի, ակամա կամ կես ժամից պակաս ննջող տարեցների մոտ դեմենցիայի առաջացման վտանգն ավելի բարձր է։ Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է The Journals of Gerontology պարբերականում։
Հետազոտությանը մասնակցել է Medicare ծրագրից օգտվող 65 տարեկանից բարձր ավելի քան 990 մարդ։ Դիտարկման սկզբում՝ 2013 թվականին, նրանց մոտ դեմենցիա չի եղել։ Մասնագետները մասնակիցների առողջական վիճակին հետևել են մինչև 10 տարի։
Արդյունքները ցույց են տվել, որ գրեթե ամեն օր ցերեկը քնող մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը 48%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր հազվադեպ են ննջել կամ ընդհանրապես չեն քնել ցերեկը։ Ցերեկն ակամա քնելը կապված է եղել ռիսկի 39% աճի հետ, իսկ 30 րոպեն չգերազանցող ցերեկային քունը՝ 40%-ի։
Հետազոտության առաջատար հեղինակ, Ջոնս Հոփքինսի համալսարանի Բլումբերգի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտաշխատող Քենին Ցզյանի խոսքով՝ ցերեկային քնի սովորույթներին հետևելը կարող է մատչելի միջոց դառնալ դեմենցիայի բարձր ռիսկային խմբում գտնվող տարեցներին բացահայտելու և նրանց համար կանխարգելիչ միջոցառումներ նախատեսելու համար։
Միևնույն ժամանակ հետազոտողներն ընդգծել են, որ այս աշխատանքը չի ապացուցում ցերեկային քնի և դեմենցիայի միջև ուղղակի պատճառահետևանքային կապի գոյությունը։ Ավելի հաճախակի քնելը կարող է ոչ թե գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունների պատճառը լինել, այլ դրանց վաղ ազդանշաններից մեկը։
Հնարավոր է նաև երկկողմանի կապ. մի կողմից՝ ցերեկային քնի սովորությունները կարող են ազդել դեմենցիայի զարգացման վտանգի վրա, մյուս կողմից՝ գլխուղեղում սկսվող փոփոխությունները կարող են վնասել արթուն վիճակը կարգավորող հատվածները, ինչի հետևանքով մարդն ավելի հաճախ է քուն մտնում ցերեկային ժամերին։
Հետազոտության ավագ հեղինակ, Բլումբերգի դպրոցի հոգեկան առողջության ամբիոնի պրոֆեսոր Ադամ Սպիրան նշել է, որ այս փոխկապակցվածությունն ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ են առավել լայնածավալ և տևական գիտական ուսումնասիրություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում