Գիտնականները հայտնաբերել են իմունային բջիջների մի տեսակ, որն ունակ է ճանաչել և ոչնչացնել թոքի մանրբջջային քաղցկեղի բջիջները նույնիսկ այն դեպքում, երբ ուռուցքը «թաքնվում» է իմունային համակարգից։ Cancer Cell գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները նախանշում են այս հիվանդության բուժման հնարավոր նոր մոտեցումը, որի դեպքում հնգամյա ապրելիության ցուցանիշը ներկայումս չի գերազանցում 7%-ը։
Ուոլթեր և Էլիզա Հոլերի անվան բժշկական հետազոտությունների ինստիտուտի (WEHI) մասնագետները պարզել են, որ հատուկ իմունային բջիջները՝ գամմա-դելտա T-լիմֆոցիտները, կարող են գրոհել այն ուռուցքները, որոնք աննկատ են մնում սովորական իմունային բջիջների համար։ Բացի այդ, հետազոտողները բացահայտել են, որ արդեն իսկ կիրառվող որոշ դեղամիջոցներ կարող են էլ ավելի ուժեղացնել այդ լիմֆոցիտների հակաուռուցքային ակտիվությունը։
Թոքի մանրբջջային քաղցկեղը համարվում է ուռուցքային հիվանդությունների ամենավտանգավոր տեսակներից մեկը։ Չնայած քաղցկեղի այլ տեսակների դեպքում իմունոթերապիայի գրանցած հաջողություններին՝ այս ախտորոշմամբ բուժառուների միայն փոքր մասն է դրանից երկարատև օգուտ ստանում։ Պատճառներից մեկն այն է, որ քաղցկեղային բջիջները կարողանում են գրեթե անտեսանելի դառնալ այն իմունային մեխանիզմների համար, որոնց վրա հիմնված են բուժման գործող մեթոդները։
«Տասնամյակներ շարունակ մենք գիտեինք, որ թոքի մանրբջջային քաղցկեղը բացառիկ վարպետությամբ է կարողանում թաքնվել իմունային համակարգից։ Մեզ հաջողվել է հայտնաբերել իմունային բջիջներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ի վիճակի են բացահայտելու այդ քողարկումը»,— պատմել է հետազոտության ավագ հեղինակ, WEHI-ի պրոֆեսոր Քեյթ Սազերլենդը։
Մելբուռնի թագավորական հիվանդանոցի հետ համագործակցությամբ և Վիկտորիայի քաղցկեղի բիոբանկի տրամադրած հյուսվածքային նմուշների հիման վրա գիտնականները լաբորատոր պայմաններում ստեղծել են ուռուցքների փոքր մոդելներ։ Երբ այդ մոդելներին ավելացրել են նույն բուժառուների արյունից անջատված գամմա-դելտա T-լիմֆոցիտներ, իմունային բջիջներն արդյունավետորեն ճանաչել և ոչնչացրել են ուռուցքային բջիջները։
Այնուհետև գիտական խումբը փորձարկել է երկու դեղամիջոցի ազդեցությունը՝ թոքի մանրբջջային քաղցկեղի բուժման համար արդեն իսկ հաստատված տարլատամաբի և օստեոպորոզի ու քաղցկեղի հետ կապված ոսկրային որոշ ախտահարումների դեպքում կիրառվող զոլեդրոնատի։
Զոլեդրոնատն ավելացրել է գամմա-դելտա T-լիմֆոցիտների քանակն ու մեծացրել ուռուցքը ճանաչելու նրանց ունակությունը, իսկ տարլատամաբն օգնել է իմունային բջիջներին ավելի սերտ փոխազդեցության մեջ մտնել քաղցկեղային բջիջների հետ։ Լաբորատոր մոդելներում այս երկու դեղամիջոցների համակցումը զգալիորեն ուժեղացրել է գրոհն ուռուցքային բջիջների վրա։
Հետազոտության առաջին հեղինակ Ջին Նգի խոսքով՝ ստացված տվյալները վկայում են նաև այս լիմֆոցիտները բջջային թերապիայում կիրառելու հնարավորության մասին. դրանք կարելի է մեծ քանակությամբ աճեցնել օրգանիզմից դուրս, ապա ներարկել բուժառուներին։ Նման մոտեցումը կարող է օգնել այն մարդկանց, որոնց օրգանիզմում ի սկզբանե քիչ են գամմա-դելտա T-բջիջները։
Գիտնականներն այս վարկածին հանգել են IMpower133 և CASPIAN երկու խոշոր կլինիկական հետազոտությունների տվյալների վերլուծության արդյունքում, որոնք ժամանակին նպաստել էին թոքի մանրբջջային քաղցկեղի ստանդարտ բուժման մեջ իմունոթերապիայի ներդրմանը։ Պարզվել է, որ իմունոթերապիայից առավելագույն օգուտ ստացած բուժառուների մոտ գամմա-դելտա T-լիմֆոցիտների առկայության նշաններն ավելի արտահայտված են եղել։
Գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրությունները՝ պարզելու, թե արդյոք այս մեխանիզմները կարող են հիմք դառնալ իմունոթերապիայի նոր մեթոդների մշակման համար։ Առայժմ այս արդյունքները դեռ չեն նշանակում, որ դեղամիջոցների նոր համակցության արդյունավետությունը բուժառուների շրջանում ապացուցված է. դրա ներուժը դեռ պետք է ստուգվի հետագա կլինիկական փորձարկումների ընթացքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day