✕

Հետվիրահատական շրջանի վերահսկման հավելվածները 15%-ով նվազեցրել են կրկնակի հոսպիտալացման ռիսկը

19 հոկտեմբերի, 2026  08:41

Հետվիրահատական շրջանում մարդու կարգավիճակը վերահսկելու համար բջջային հավելվածներից օգտվող հիվանդների շրջանում լուրջ բարդություններն ու շտապօգնության բաժանմունքներ դիմելու դեպքերը 22%-ով ավելի քիչ են եղել, իսկ կրկնակի հոսպիտալացման ռիսկը նվազել է 15%-ով։ Այդուհանդերձ, արդյունավետությունն ուղղակիորեն կախված է եղել նրանից, թե արդյոք բժիշկներն ու բուժքույրերը ստուգել են ստացված տվյալներն ու արձագանքել տագնապահարույց ախտանիշներին։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են «Anesthesiology 2026» ամենամյա համաժողովում, հայտնում է «Medical Xpress»-ը։

Հեղինակներն ուսումնասիրել են 38 հետազոտություն, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 7507 պացիենտ։ Հավելվածները հնարավորություն են տվել ամեն օր տեղեկություններ փոխանցել ցավի զգացողության, ջերմության, սրտխառնոցի և հետվիրահատական վերքի վիճակի մասին։

Որոշ ծրագրերում կիրառվել են նաև ֆիթնես-թևնոցներ և սմարթֆոնին միացվող հատուկ սարքեր, որոնք չափում են զարկերակային ճնշումը, մարմնի ջերմաստիճանն ու արյան մեջ թթվածնի մակարդակը։

Նման ծրագրերի մասնակիցները նշել են նաև ցավի ու տագնապի նվազման, ֆիզիկական վիճակի և կյանքի որակի բարելավման, ինչպես նաև ստացած բժշկական օգնությունից ավելի մեծ բավարարվածության մասին։

Միաժամանակ, բարդությունների ընդհանուր թիվն էականորեն չի նվազել։ Սա կարող է վկայել այն մասին, որ հավելվածները ոչ թե կանխում են բոլոր խնդիրները, այլ օգնում են ավելի վաղ նկատել վտանգավոր ախտանիշները՝ նախքան անհրաժեշտ կլինի դիմել շտապօգնության, կրկին հոսպիտալացվել կամ ենթարկվել նոր վիրահատության։

Առանցքային գործոն է եղել բուժանձնակազմի անմիջական ներգրավվածությունը. կրկնակի հոսպիտալացումների թիվը նվազել է միայն այն ծրագրերում, որտեղ բժիշկը կամ բուժքույրն ուսումնասիրել են հիվանդների հաղորդագրություններն ու միջոցներ ձեռնարկել։ Նման վերահսկողության բացակայության դեպքում ռիսկերի որևէ նվազում չի արձանագրվել։

«Հավելվածի գործածումն ինքնին դեռ չի երաշխավորում, որ հետվիրահատական ապաքինումն ավելի անվտանգ կանցնի»,— ընդգծել է հետազոտության առաջատար հեղինակ, Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Մուադ Էլգանգան։

Նրա խոսքով՝ պացիենտները պետք է նախապես պարզեն, թե ով է ստուգելու փոխանցվող տվյալները և որքան արագ է բուժանձնակազմն արձագանքելու տագնապալի նշաններ նկատելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում