Օքսիտոցինը հաճախ անվանում են «սիրո հորմոն», սակայն կանադացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հարաբերություններում տագնապայնություն ունեցող մարդկանց շրջանում այն կարող է մանկության հուշերն ավելի բացասական դարձնել։ Հետազոտությունը հրապարակվել է Emotion գիտական հանդեսում:
Օքսիտոցինը ծննդաբերությանը, կրծքով կերակրմանը և զույգերի ձևավորմանը մասնակցող հորմոն և քիմիական միջնորդ նյութ է: Մկների և ոչխարների վրա կատարված հետազոտություններում այն անհրաժեշտ է եղել մայրերի համար՝ իրենց ձագերին ճանաչելու, իսկ հասուն առանձնյակների համար՝ իրենց տեսակի այլ ներկայացուցիչներին մտապահելու համար: Մարդկանց վրա կատարված վաղ փորձարկումները հանգեցրել են այն մտքին, որ այն համապարփակորեն մեծացնում է վստահությունը, համագործակցությունը և ապրումակցումը:
Սակայն ավելի թարմ տվյալները նշում են մի նրբերանգի մասին, որը հայտնի է որպես սոցիալական նշանակալիության հիպոթեզ. օքսիտոցինն աշխատում է որպես էմոցիոնալ ուժեղացուցիչ՝ ընդգծելով սոցիալական տեղեկատվությունը՝ անկախ նրանից, թե դա դրական է, թե բացասական:
ՄակԳիլ համալսարանի հետազոտողները՝ Մելիսա Շեմիրանիի և Ջենիֆեր Ա․ Բարտցի գլխավորությամբ, ներգրավել են 77 տղամարդու և կնոջ։ Մեկ այցելության ժամանակ նրանք ստացել են օքսիտոցին քթի սպրեյի տեսքով, իսկ մյուս այցելության ժամանակ՝ պլացեբո: Ոչ մասնակիցները, ոչ փորձարարները չեն իմացել, թե որ սպրեյն է օգտագործվում կոնկրետ օրը:
Երբ հորմոնն ազդել է, մասնակիցներին ցույց են տվել կապվածության հետ առնչվող բառեր («պաշտպանել», «հուսահատեցնել») և խնդրել հիշել մոր հետ կապված մանկության կոնկրետ դրվագներ: Այնուհետև փորձարարներն ընտրել են մեկ դրական և մեկ բացասական հուշ և խնդրել պատմել դրանց մասին բարձրաձայն:
Անկախ գնահատողները կարդացել են վերծանումները և գնահատել զգացմունքային երանգը: Կապվածության բարձր տագնապայնություն ունեցող մասնակիցների մոտ օքսիտոցինը ստիպել է մայրերին նկարագրել ավելի բացասական և պակաս դրական էմոցիաներով՝ պլացեբոյի համեմատությամբ: Դա վկայում է այն մասին, որ հորմոնն ուժեղացրել է հարաբերությունների հետ կապված նրանց խորքային վախերը:
Խուսափող կապվածության ոճ ունեցող մասնակիցները, ովքեր սովորաբար ճնշում են մտերմության ցանկությունը, օքսիտոցինի ազդեցության տակ ավելի դժկամ են դարձել անձնականով կիսվելու հարցում: Հորմոնն ուժեղացրել է բացահայտ խոստովանություններից հեռավորություն պահպանելու նրանց պաշտպանական միտումը:
Արդյունքները վերաբերում են միայն մայրերի մասին հուշերին. պատմականորեն վաղ հոգեբանությունում նրանք դիտարկվել են որպես հիմնական խնամակալներ: Հետազոտությունը չի պատասխանում այն հարցին, թե արդյոք օքսիտոցինը կփոխի՞ հայրերի կամ այլ խնամակալների մասին հուշերը: Ընտրանքը համեմատաբար երիտասարդ է եղել, գերազանցապես սպիտակամորթ և ասիացի, ուստի այլ խմբերում պատկերը կարող է տարբերվել:
Հայտնաբերվել է նաև անհամապատասխանություն գնահատող մարդկանց և տեքստի վերլուծության համակարգչային ծրագրերի միջև. ավտոմատացված գործիքները հաճախ չեն կարողանում հաղթահարել խառը էմոցիաները, որոնք բնորոշ են ընտանեկան պատմություններին:
Օքսիտոցինը հարաբերությունների խնդիրների դեմ համապարփակ միջոց չէ: Քանի որ հորմոնն աշխատում է որպես արդեն գոյություն ունեցող սոցիալական վախերի ուժեղացուցիչ, թերապիայում դրա կիրառումը կարող է անհատական վերահսկողություն պահանջել: Առանց պատշաճ առաջնորդման այն ունակ է ուժեղացնել կործանարար սթրեսն այն մարդկանց շրջանում, ովքեր առանց այն էլ բարձր տագնապայնություն ունեն անձնական կապերում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում