Դեռահասները, որոնք 22:00-ից հետո սովորականից ավելի երկար են օգտվում սմարթֆոններից, քնում են միջինում 64 րոպե ավելի ուշ և քնում են 20 րոպե ավելի քիչ: Բացի դրանից, նրանց քունն ավելի հաճախ է ընդհատվում քնելուց անմիջապես հետո: Նման եզրահանգումների են եկել հետազոտողները, որոնք աշխատության արդյունքները հրապարակել են JAMA Pediatrics բժշկագիտական հանդեսում:
Հեղինակներն ուսումնասիրել են մոտ 15 տարեկան միջին տարիքի 425 դեռահասների տվյալները, որոնք հավաքվել են ավելի քան 7600 գիշերների ընթացքում: Պարզվել է, որ այն գիշերներին, երբ մասնակիցները 22:00-ից հետո սմարթֆոնների հետ սովորականից ավելի շատ ժամանակ են անցկացրել, նրանց համար ավելի դժվար է եղել ժամանակին քնելն ու անընդհատ քունը պահպանելը:
Հետազոտողները նաև կախվածություն են հայտնաբերել հեռախոսի օգտագործման տևողությունից. 22:00-ից հետո անհատական միջին ժամանակից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն կապված է եղել ավելի ուշ քնելու և քնի ընդհանուր տևողության կրճատման հետ:
Մանկական և դեռահասների հոգեբույժ, քնի բժշկության մասնագետ Դանիել Բիգմանի կարծիքով՝ սմարթֆոնների օգտագործումըոչ միայն խլում է այն ժամանակը, որը դեռահասները կարող էին ծախսել քնի վրա, այլև պահպանում է ուղեղի ակտիվությունը: Սոցիալական ցանցերը, տեսանյութերը, նամակագրությունը, ծանուցումները և էկրանի լույսը գրգռում են զգայարանները և խանգարում օրգանիզմին նախապատրաստվել հանգստին: Լույսն ազդում է նաև կենսաբանական ժամացույցի, քնի ու արթնության ցիկլի վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ խնդիրները կապված են ոչ միայն 22:00-ից հետո հեռախոսի օգտագործման, այլև քնելուց 5–15 րոպե առաջ էկրանին նայելու հետ. նման դեպքերում դեռահասներն ավելի հաճախ են արթնացել գիշերվա ընթացքում:
Քնի պակասը և դրա հաճախակի խանգարումները կարող են վատթարացնել ուշադրությունն ու կենտրոնացումը, ուժեղացնել դյուրագրգռությունը, տագնապայնությունն ու զգացմունքային ռեակտիվությունը: Բացի դրանից, դեռահասները կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, մոտիվացիայի նվազում և որոշումներ ընդունելու դժվարություններ:
Հետազոտողները կարծում են, որ երեկոյան սմարթֆոնների օգտագործման սահմանափակումը, հատկապես 22:00-ից հետո և անմիջապես քնելուց առաջ, կարող է բարելավել դեռահասների քնի որակը: Ընդ որում, մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս սպառնալիքներով չզրկել երեխաներին հեռախոսից, այլ առաջարկել նրանց ավելի հանգիստ զբաղմունքներ քնելուց առաջ՝ օրինակ՝ ընթերցանություն, երաժշտության ունկնդրում, թուլացնող վարժություններ կամ ձգումներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում